Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գազանաբարո. — Բարեբարո։

Գաղափար. — Որքան ոտք, այնքան կաղապար։

Գավազան. — Խոսքն իմս է:

Գերեզման. — Անդիի աշխարհ բանող թունելին կայարանը։

Գիշեր. — Գողերու համար բարեպատեհ առիթ մը:

Գողություն. — Պզտիկն պատժո արմանի Է։

Գութ. — Ջղային տկարություն։

Գրկախառնություն. — Բարդ բառ մը։

Դագաղ. — Անդիի աշխարհին նամակատուփը։

Դասալիք. — Քաջ։

Դափնի. — Ոտանավորին և թրաձուկի խորովածին մեջ կը գործածվի։

Դժվարակիր. — Աղքատություն։

Դի. — Ինչ որ չշարժիր։

Դիմակ. — Ո՞ր տեսակեն կուզես։

Դյուրավաճառ. — Շողոքորթություն։

Եթե ոչ. — Սպառնական ձև մոր ազդեցությունն կորուսած է։

Ելակ. — Մուտքն արգիլված ՝ աղքատաց համար։

Եկամուտ. — Հարուստներու հատուկ բառ։

Երազ. — Մտքի նավարկությունն առանց կողմնացույցի և ղեկի:

Ե՞րբ. — Անպատճառ հիմա, եթե առնելիք ունիս, գալ շաբթու մեջ օր մը հանդիպե ինձի, եթե տալիք ունիս։

Երդում. — Սուտն իբրև ճշմարիտ ընդունել տալու համար կը գործածվի։

Երեկո. — Օրվան վերջակետը։

Երես. — Ժամանակավ ամեն մարդ ուներ։

Երեսփոխան. — Ուրիշին շահերը պաշտպանեշու պաշտոնով յուո շահուց ծառայող։

Երևելի. — Միշտ ուրիշներու թերությունները։

Երեկ. — Երեխա անցյալ մը։

Երիտասարդ. — Երբեմն տարիքի գարունն Էր, այսօր աշունն է։

Երկայնակյաց. — Կարճ կյանք ունեցողն։