Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՑ ԱՆԳԱՄ ՄԵՌՆՈՂ ՄԱՐԴԸ

Ծիծաղ — Ի՞նչ կա, Իպպոս, բարկացած կերևիս։

Իպպոս — Եվ բարկանալու իրավունք չունի՞մ։

Ծիծաղ — Ի՞նչ է խնդիրն, պարոն ձի։

Խպպոս — Հունվար երեքին ստիպողական գործի մը համար վազած ժամանակս դիպվածով հարյուր տարվան մարդու մը վրա կոխեցի, որ անմիջապես շունչը փչեց։ Ցավեցա, բայց ի՞նչ օգուտ...

Ծիծաղ — Լավ։

Խպպոս — Հունվար չորսին գայլին լրագրին մեջ կարդացի, թե Իպպոս երեկ մարդ մը սպաններ է։

Ծիծաղ— Ճշմարիտ չէ՞։

Իպպոս — Հունվար հինգին աղվեսին լրագրին մեջ նորեն տեսա, որ երեկ դարձյալ մարդ մը սպաններ եմ։

Ծիծաղ — Հասկցա։

Իպպոս — Հունվար վեցին կատուն աղվեսին լրագրեն քաղելով կը գրե, թե երեկ Իպպոս մարդ մը մեռուցեր է։

Ծիծաղ — Օրերը կանցնին և անոնք միշտ երեկով կուտան լուրն։

Իպպոս — Հունվար յոթնին կրիան կատվի լրագրեն առնելով իբրև նոր լուր կը հաղորդե, որ Իպպոս մարդ մը մեռուցեր է:

Ծիծաղ — Զարմանալի է իրավ։

Իպպոս — Վերջապես տզրուկը կրիայեն և մուկն տզրուկեն քաղելով իրարմե օր մը ետքը կը հրատարակեն, թե երեկ Իպպոս մարդու մը վրա կոխելով մեռուցեր է զայն։ Ալ համբերությունս հատավ, եթե աշխարհիս բոլոր լրագիրներն երեկ ըսելով այս լուրն հաղորդեն այս եղանակով, շատ տարիներ ամեն իրիկուն մարդ մը սպաննած պիտի ըլլամ։

Ծիծաղ — Եվ այն խեղճ մարդն ալ ամեն իրիկուն Ալիտի մեռնի...

Իպպոս — Ես ալ պիտի մեռնիմ և մեռնելես ետքը դարձյալ ամեն իրիկուն մեյմեկ մարդ մեռցունել պիտի տան ինձ։

Ծիծաղ — Հոգ մի՛ ըներ դուն, կարդացողներուն մեջ ուշադրություն ընողներ կը գտնվին։