Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն պատճառներու։ Պատճառագիտական տեսակետով հիվանդություններն քանի մը տեսակներու կը բաժնվին։

ժառանգական հիվանդություններ, որք ծնողքներեն կանցնին տղայոց, զոր օրինակ, թեթևություն, հայհոյություն և այլն։

Համաճարակ հիանդություններ, որք շատ մարդոց վրա միանգամայն կը տեսնվին. ինչպես, փառամոլություն, կեղծավորություն, շողոքորթություն, անձնագովություն, պարտք չվճարելու հիվանդություն, լրագրաց մեջ յուր անունն կարդալու ախորժակ և այլն։

Տարափոխիկ հիվանդություններ, որ ախտավոր մարդերեն կը փոխադրվին առողջ մարդոց, օրինակի համար, պճնասիրություն, բամբասանք, խաղամոլություն, արբեցողություն, աներեսություն և այլն։

Գիտնալ պետք է, թե այս հիվանդություններն թեթև ցավեր նկատելու չէ, ասոնք երբեմն մարմնային հիվանդությանց պատճառ կուտան և վնասակար հետևանքներ հառաջ կը բերեն։ Փորձված է թե կասկածոտ մը քնույն մեջ շրջելու ախտին ենթարկված է, ագահ մը միզարգելության, շողոքորթ մը շատակերութենե ճաթած է, հակառակախոս մը համրացած է և նախանձոտ մը թոքախտեն բռնված և մեռած է։ Մոռնալու չէ նաև, որ մարմնոց հիվանդություններն ալ մեծ ազդեցություններ ունին բարոյական առողջության վրա։

Ասոնց մեջ կան հիվանդություններ, որոնց ծնունդ տվող պատճառներն անծանոթ են դեռ։ Օրինակի համար չգիտցվիր, թե աներեսությունն, որ մորթի հիվանդություն մէ և դժվարաբույժ, ցուրտեն հառաջ կուգա թե տաքեն, ստամոքսի թեթևութենե՞ն թե ծանրութենեն, ավշայի՞ն կազմվածքներու մեջ շատ կը պատահի թե մաղձային կամ արյունային։ Սակայն դիտությունն պիտի հաջողի անշուշտ այդ պատճառներն օր մը գտնելու։

Ախտանիշք. — Ախտերն ունին իրենց երևույթներն կամ նշաններն, որ իրարմե կը տարբերին ախտերուն զանազանությանը համեմատ, օրինակի համար, պճնասերի մ'և նախանձոտի մը բազկերակներն միևնույն կերպով չեն զարներ, ինչպես նաև անոնց լեզուներն շատ կը տարբերին իրարմե։ Այսու