Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընես դեռ, ինձի հետ ինչո՞ւ չես պարեր։ — Քեզի հետ շատ պարեր եմ։ — Ե՛լ երթանք։ — Չէ՛։ — Ես պիտի երթամ։ — Կրնաս երթալ: — Տուն ձգե՛ ինձի։ — Չեմ կրնար։ — Ո՜հ, սա ինչ փորձանքներու բերավ զիս աս մարդը։ — Պարահանդեսը փորձանք եղավ հիմա։

Կապիկն — Շիտակը խոսելով, մենք մեր կիներուն հետ ասանկ անգթությամբ չենք վարվիր։

Եզն — Չերկարելու համար, չեմ ուզեր նկարագրել գինով երիտասարդներուն, գինով և լկտի կիներուն արարքները, թեթևներուն ծիծաղելի ծանրությունն, ծանր կարծվածներուն զարմանալի թեթևությունն, դիմակավորներուն անկրթությունն, անդիմակներուն աներեսությունն, միայն սա կ՝ուզեմ եզրակացնել, թե ամեն բանին կեղևեն չդատենք։

Կապիկն — Եթե այս պատմածներդ ստույգ են՝ իրավ է, որ ճշմարիտ երջանկությունն մեր մեջ պետք է գտնել։

Եզն — Այո՛, մեր կյանքն բնութենե որոշված և հաստատված օրենքներու համաձայն է. մենք չունինք ոչ գինովություն, ո՛չ էրիկ կնկան կռիվ, ո՛չ պճնասիրություն, ո՛չ բարուց ապականություն, ոչ վերջապես այն ամեն մոլություններն՝ որք մարդու խմորը կը կազմեն։ Սակայն իմացած եմ, որ պատվավոր պարահանդեսներ ալ կան, որոնց մեջ, կըսեն, կարդ կանոն, քաղաքավարություն միայն կերևին։ Միտք ունիմ հոն ալ երթալ գիշեր մը և գաղափարս հայտնել քեզի: Առայժմ ուրախ եմ, որ եզն ստեղծված եմ և ոչ մայրդ։

Կապիկն — Ես ալ ուրախ եմ, որ կապիկ ստեղծված եմ և ոչ մարդ։

Բարոյական — Որքան մեծեր կը նախատեն պզտիկներն և որչափ պզտիկներ չեն ուզեր մեծերու պես ապրիլ։


ՓԻԼՈՊԻՊՂՈՍ ԵՎ ԱՆԹՈՍ

Երկու գրագետ թռչուններ՝ որոնց մին հանրածանոթ[1] և մյուսն մեծանուն[2], օր մը օդի մեջ հետևյալ բանակցությունն ունեցան։

  1. Յուր ողբերովն։
  2. Տուր գոռոզությամբը: