Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱՆ ՀԱՐՍԸ

Աշխարհիս վրա ամեն արվեստ իրեն հատուկ գործիքներ ունի, նկարիչն իր վրձինը, փայտահատը իր կացինը, և այլն։

Կարգվիլն ալ արվեստ մԷ։ Սիրելու արվեստը այսօրվան օրս մեծ տեղ մը կը բռնե, էսնաֆներուն ամենեն բարձրն Է, և անոնք միայն կրնան հարիլ այս արվեստին, որոնք որ սիրելու գործիքն ունին, հասկցար հարկավ, որ սիրտ ըսել կուզեմ։

Շատերն այս արվեստը իբր տղու խաղալիք կը նկատեն, դյուրին բան մը կը կարծեն, և առանց գործիքի անոր մեջ կը մտնեն։

Պատմենք։

Բոլոր կենացը մեջ Աստղիկին երեսը բնավ չտեսած, հիշողության տկարությանը պատճառավ երիտասարդության ժամանակը կարգվելու մոռցած յոթանասուն տարու, ակռաները թափած ծերուկ մը զաշխարհ ճաշակել կը փափագի, և իր բարեկամներեն մեկուն հետ խորհրդակցելեն վերջը՝ ասկե իբր երկու ամիս առաջ աղվոր, սիրուն, տասնչորս տարու աղջկան մը հետ կը կարգվի։

Չեմ հիշեր ո՞ւր կարդացեր եմ, թե ամուսնությունը արոր մԷ, որուն լծված են այրն ու կինը։

Քեզի կը, հարցնեմ հիմա, ընթերցող, ի՞նչպես կերթա այն արորը, որուն լծված են յոթանասուն տարու ծերուկ մը և տասնչորս սոարու աղջիկ մը։

Աղջիկը քալել կուզե, ծերուկը չկրնար քալել. բոլոր բեռը աղջկան վրա կը մնա։

Ի՞նչ ըսեմ ան ծեքերուն, որ արորի վրա նստելու տարիքնուն մեջ, հոն կը լծվին և արորն ալ, իրենց ընկերն ալ կես ճամբան կը թողուն։

Վայրկյաններ, ժամեր, օրեր կանցնին, երկու ամիս կըլլա հարսը իր սրտին համապատասխանող սիրտ մը չգտնալով ամուսնույն վրա, մորը իմաց կուտա։