Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԱԶԱՀԱՆ

(Եփրատեն մնացած)

Թե որ երազիդ մեջ ստակ կորսնցնես՝ քոնսոլիտճի ես նե՝ հետևյալ օրը քոմիսիոն խանեն պիտի փախչիս։

Թե որ երազիդ մեջ միշտ քալես և ուր ես նե՝ հոն մնաս հետևյալ օրը Խասգյուղի 6 թիվ շոգենավը պիտի նստիս։

Թե որ երազիդ մեջ մեկե մը գլխուդ փատ մուտես հետևյալ օրը թրամվեյի գիծեն քալած ատենդ թրամվեյի առջևեն վազողներուն մեկեն փատ մը ուտելով թևդ չկոտրի նե՝ մոմ վառե՛։

Թե որ երազիդ մեջ գող մը գրպանեդ ստակ գողնա՝ առտուն կնիկդ հազար ու մեկ բան չապսպրած ինքզինքդ փողոցեն դուրս նետե՛։

Թե որ երազիդ մեջ մեկուն ջուր ըսես և կրակ հասկնա նե՝ հետևյալ օրը Ասիան պիտի կարդաս։

Թե որ երազիդ մեջ սանդուխե մը վեր ելած ատենդ վար իյնաս՝ հետևյալ իրիկունը շոգենավեն Օրթա գեղի իսկելեն ելած ատենդ ոտքերդ պիտի կոտրես:

Թե որ երազիդ մեջ տելի ճորճին տեսնես՝ այն օրը Մամուլին հետ երկար բարակ պիտի խոսիս:

Թե որ ան ու աս խտրելով ինքզինքդ ազգասեր ցցունես ու ստակ փրցունես, քիչ ատենեն աղջկանց վարմարանի մը տնօրեն պիտի ըլլաս։

Թե որ երազիդ մեջ պալտրըր չըպլախե մը հայհոյություն լսես՝ հետևյալ օրը Մանզումեն պիտի կարդաս:

Թե որ երազիդ մեջ սիրուհիեդ բաժեվիս՝ հետևյալ օրը թոբ նետելով՝ խանութդ չգոցես նե՝ փառք տուր Աստուծո:

Թե որ երազիդ մեջ մեկը տեսնես, որ գուբի մեջ ինկած ելնել ուզե և չկարենա ելնել, հետևյալ օրը Փանոսյանը պիտի տեսնես։