Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի տեսություն։

— Երթաք բարով։

Ճամբաս շարունակեցի մտախոհ մինչև որ տան մը վերի հարկեն առջևս նետված դույլ մը ջուրեն սթափեցա։

Վեր նայեցա։

Ի՞նչ տեսնամ։

Քառասնամյա գիրուկ կին մը, ծունկերը բաց, թևերր բաց, մազերը չսանտրված և չհյուսված, վրայեն ճերմակ շապիկ մը հագած, ոտքերը բոպիկ։

— Ներեցե՛ք, ըսավ ժպտելով, քիչ մնաց, որ ձեր գլուխն ի վար պիտի թափեի ջուրը։

— Վնաս չունի, պատասխանեցի։

— Բայց ջուրը մաքուր էր։

— Շնորհակալ եմ։

— Տաք ալ չէր, չէիք խաշվեր։

— Երախտագիտությունս կը հայտնեմ։

— Աֆ կընեք։

— Բան մը չէ։

— Կարծեմ քիչ մը թրջեցաք։

— Սանկ քիչ մը։

— Կաղաչեմ, մերթաք, վար իջնամ ու սրբեմ։

— Զահմեթ կընեք։

— Տեր ողորմյա, ինչո՜ւ զահմեթ ըլլա, պարտքերնիս է, սպասեցեք։

Սպասեցի։

Վար իջավ մաքուր լաթ մի ձեռին և սրբեց վերարկուս։

Սպիտակ և պարարտ ազդրեր, թևեր ու պարանոց։ Կարելի եղածին չափ զգուշացա ծածկել անցնողներեն այդ ազդրերը, թևերն ու պարանոցը ուսումնասիրելս։

Շնորհակալ եմ, ըսի, երբ լմնցավ գործողությունն ու շարունակեցի ճամբաս։

Մտածությունները նորեն սկսան։

Այս կինը, կըսեի, դիտմամր զիս թրջեց, որպեսզի յուր գեղեցիկ թևերն, աղդրերն ու պարանոցը ինձ ցույց տա։ Կիները, կըսեի, ամեն միջոց ի գործ կը դնեն էրիկ մարդոց ուշագրությունը գրավել իրենց գեղեցիկ և ամենեն ավելի աչքի զարնող կողմերուն վրա: Հիշեցի խելացի հովվի մը խոսքը։