Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարդ Աստուծո, քիչ մը ցուցուր ինքզինքդ, քանի մը հատ զարկ․.. որ վախնա։ Երես կուտաս կոր, վերջը մեզի կը բարկանաս կոր։

— Անիկա պզտիկ Է տակավին։

— Սանկ չպոռա՞ս քիչ մը։

— Ի՞նչ պոռամ։

— Բարկացիր քիչ մը։

Այրը չպատասխաներ։ Վեր կելնե, բայց քանի մը վայրկյան հետո նորեն վար կիջնա լռեցնելու համար Հայկանուշն, որ կուլար դեռ: Դռան սեմին վրա կը կայնի և բարձր ձայնով.

— Հայկանուշ... Հայկանուշ... Հայկանուշ... հը՜ը՜ը՜ը՞... անզգամ քեզի․.. հա՜ա՜ա՜ա ... հոս եկուր..․ քեզի կիսեմ կոր... մորդ ձեռքը պագնայիմ... երեսս կը նայի՞ս կոր... Հիմա կը ծեծեմ հա՛... գետնե գետին կը զարնեմ հա՛...

Հայկանուշ դանդաղաշարժ կը փորձե նստիլ, կարմրած աչերը կը շփե ձեռներով, որք քիչ մը թրջված Էին արտասուքով։

— Մորդ ձեռքը պա՛գ, մեղա ըսե՛, մեյ մալ չպիտի ընեմ, ըսե՛ր Հայկանուշ ծուռ ծուռ մորն երեսը կը նայի ու տեղեն չերերար:

— Անանկ Է նե ես ալ Մարգար աղային Մաննիկը կը սիրեմ, կըսե մայրը։

Դարձյալ գոռում, դոչում։ Հայկանուշ այս հայտարարության վրա ոտքերով գետինը կը ծեծե և բարձր ձայնով կսկսի լալ։

— Ինչո՞ւ պոռալ կուտաս...

— Դուն ալ թոհաֆ մարդ մ՝ես, աղջկանդ բան մը չես ըսեր, միշտ ինձի հետ ես։

— (Պոռալով) Լռեցուցե՛ք ասիկա... ո՞վ պիտի մտիկ ընե ասոր ձայնը։

— Մաննիկը չեմ սիրեր, եկուր նայիմ։

Հայկանուշ միշտ կուլա։

— Ասոր վե՞րջը։

— Հայկանուշ, կը լռե՞ս, չէ նե քովդ գամ մի... մի՛ կարծեր․․․ որ հորմեդ կը վախնամ։

Հայկանուշ գլուխը վեր կառնե և հորը կը դառնա կը նայի խեղճուկ նայվածքով մը, շարունակելով միշտ բարձրաձայն լալը։

— Աս եղա՞վ մի հիմա, կը պոռա այրն։

— Շատ աղեկ ալ եղավ։

Այրը կը սրդողի, ոտք կ՝ելնե և աղջկանը թևեն բռնելն ու քաշքշելով բազմոցին վրա նետելն մեկ կընե։