Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց անոթութենե կը մարիմ կոր ես։

— Եկո՜ւր, եկո՜ւր, հրեշտակդ իմ, եկո՜ւր գրկացս մեջ մարելու, հետո ես ալ կը մարիմ և կիյնամ։

— Մարի՞մ։

— Ի՞նչ կը նշանակե այդ հարցումդ։

— Մեղք չե՞մ։

— Մեղք չե՜ս.․․ այ սիրադրուժ... դավաճան... սուտ են եղեր ուրեմն այն երդումներդ, որովք կերդնուիր, թե պատրաստ ես ինձի հետ մեռնելու... անհավատարիմ... հացի համար միայն կը սիրես եղեր ուրեմն զիս... ա՜խ, խաբեցիր զիս...

— Զքեզ սիրելու համար բան մուտելու չէ՞։

— Երեկ գիշեր հաց բերած չըլլալուս համար կուրանաս զիս..․ կը մոռնաս խոստումներդ... ուրեմն հացս կը սիրես և ոչ զիս։

— Զայց անոթութենե՞ մեռնիլ պետք է։

— Լավ էր քեզ անոթի մեռնիլ ինձի հետ, քան թե կուշտ ապրիլ ուրիշի մը հետ... այս է սուրբ սերը։

— Ինչո՞ւ մեռնիմ պարապ տեղը... տեղը չկա նե...

— Պարա՜պ տեղր մեռնիլ... մեղք որ Պողոս Վիրգինիա կարդացած ես... մեղք որ Մշակականը կարդացած ես... մեղք որ Կալաթեա՜, էսթելլան կարդացած ես... մեղք... հազար մեղք... գնա՜, ուրեմն... գնա՜, թող զիս առանձին մեռնիլ... մինակ թող զիս իմ երազներուս մեջ, ես մինակ կրնամ մեռնիլ։

— Ինչո՞ւ մեռնիս...

— Ինչո՞ւ մեռնիմ... հարցուր թե ինչո՞ւ ապրիմ այս անիրավ աշխարհին մեջ, հորում կին մը ամուսնույն հետ մեռնելու մեջ հաճույք չզգար։

— Մեռցնելո՞ւ համար առիր զիս։

— Ո՛չ, բայց երբ պարագաները կը պահանջեն, կինը պատրաստ ըլլալու է ամուսնույն հետ մեռնելու... այսպես կազնվանա ամուսնությունը, կաստվածանա սերն և կանմահանա մահը... բայց այսուհետև չեմ ուզեր որ մեռնիս, գնա՜, մորդ տունը գնա՜, ուրիշ տեղ գնա՜ քեզի երջանկություն փնտրելու և թող զիս... ալ չե՜մ սիրեր զքեզ... մանավանդ թե կ՞ատեմ։

— Ես ալ քեզ կատեմ։

— Դուն ալ զի՞ս կ՞ատես... ի՜նչ հրեշ է եղեր կինը... Աստված իմ... ան ալ զիս կատե եղեր... թո՛ղ ատե, և ուրախ եմ, որ այդ ատելությունը վիճակս ավելի բանաստեղծական կ՞ընե... եղերերգության դյուցադն մը կը դառնամ...