Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՜, ուրախութենես կուլամ... պատրաստ եմ քեզի հետ մեռնելու։

— Ուրախութենե՜դ կուլաս... ո՞վ խնդության և սիրո շողշողուն ադամանդներ, թանկագին գոհարներր արժեք չունին բնավ ձեր քով... ո՜վ հոգվույս հատորը, արտասվացդ մեկ կաթիլը միլիոն ադամանդներ կարժե... ուրախութենե՜դ կուլաս... այսքան կը սիրես զիս․․․ եկուր գրկեմ զքեզ․ ահ, ուրախ եմ, որ անոթի ես, եթե կուշտ ըլլայիր թերևս այսքան չպիտի պաշտեիր զիս․․․ վաղն իրիկուն ալ հաց չբերեմ ուրեմն... բեր սա Պողոս Վիրգինիան կարդանք քիչ մը... ես կարդամ, դուն ծունկիս վրա պառկե, մտիկ ըրե։

— Լավ, բայց կտոր մը չոր հաց ունինք, ուտենք, հետո կարդանք։

— Շատ աղեկ, սեղանը պատրաստե։

— Հոս կուտենք։

— Գլխուս վրա․․․ չոր հաց..․ ի՜նչ պատվական ուտելիք... հարուստներուն խմորեղեններեն շատ ավելի քաղցր է այս հացը... ո՜վ հովվական երջանկություն... ո՜վ Վիրգիլիոս... ո՜վ Ֆլորիան... ո՞ւր է սրինգս... հնչեցնեմ զայն... որպես թե բարձր լերան մը վրա ենք և ոչխարները կարածեն մեր շուրջը․․․ ո՜վ անմեղություն․․․ պարե՞նք քիչ մը, ո՞վ անմեղ հրեշտակ.․․ մտքիս և սրտիս միակ առարկան... գոհ չե՞ս այս վիճակեն... ըսե՛, սիրտս կը տրոփե․․․

— Շատ գոհ եմ։

— Շնորհակալ եմ... գրկե՜ զիս... գրկե՛ զիս․․․ բայց մի՛ գրկեր․․․ պարզութենե կելլա գործը... հովվուհիները չեն, որ կը գրկեն հովիվները... ամոթխած եղիր միշտ։

Ընդունինք թե բանաստեղծական է այս ամուսնությունը, բայց բանաստեղծ մը յուր խանդն և ավյունը վառելու համար, կամ, եթե կուզեք, յուր հուրն ու բոցը արծարծելու համար կին մանոթության վարժեցնելու իրավունք չունի։ Ներելի չէ կին մառնել բանաստեղծելու նպատակավ։ Բանաստեղծելու համար ոտանավոր կըլլա, բայց ամուսնություն ոչ, մանավանդ թե կինեն մուսա շինելու փորձը միշտ չհաջողիր։

Հետևյալ երեկոյին կինն, որ վստահ է, թե այրը հաց և միս պիտի բերե հետը, սեղանը կը պատրաստե, այսինքն կը դնե սեղանին վրա, ինչ որ պետք է բացի ուտելիքեն, և կսպասե ամուսնույն, որ կուգա գիշերվան ժամ ու կեսին։

— Այս իրիկուն ալ չկրցի քեզի հաց բերել, սիրելի կնիկս, գրկե՜, զիս։