Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սույն հատորով ընթերցող հասարակությանն է հանձնվում Հ. Պարոնյանի անստորագիր և Քամ, Մեղու, Երազ, Դան, Հուշարար, Տյուրյուկ, Թատրոն, Մազեր, Խիկար, Արքիլիքոս ստորագրությամբ տպագրված նյութերի մի մասը, որոնցից շատերը մինչ այժմ լույս չեն տեսել հեղինակի երկերի ժողովածուներում:

Պարոնյանի ծածկանունների և անստորագիր նյութերի ճշտման միակ միջոցը բանասիրական տվյալներն են, այսինքն՝ հեղինակի ստեղծագործական առանձնահատկությունները՝ լեզուն, ոճը, սրամտություններն ու երկախոսությունների բացառիկ ինքնատիպ կառուցվածքը։

Հիշյալ նախադրյալների առկայությամբ հնարավոր է տեսնել, զգալ մեծ երգիծաբանին. այս սկզբունքով են առաջնորդվել Պարոնյանի թե՛ Թիֆլիսի, թե՛ Պոլսի և թե՛ Պետհրատի հրատարակիչները։

Անկախ ստեղծագործական ընգհանուր հատկանիշներից կան և հետաքրքիր դեպքեր, երբ հեղինակը ինքն է ընձեռում հնարավորություններ բացահայտելու այս կամ այն ծածկանունը։ Նման եզակի դեպքերից են ՔԱՄ և ՀՈԻՇԱՐԱՐ ստորագրությունների ճշտումները։

Քամի նյութերը Պարոնյանի երկերում, ներառյալ IV հատորի մեջ լույս տեսած «Պատերազմ» և «Ծիծաղներ» հոդվածները, հրապարակվում են առաջին անգամ։

Խ. Միսաքյանի դեմ ուղղված հոդվածներից մեկում, խոսելով երգիծաբանի անկաշկանդ իրավունքների մասին, Պարոնյանը հատկապես նշում է, որ նրանք անկաշառ են և ի պահանջել հարկին չեն խնայի նույնիսկ հարազատ հորը։ Ճիշտ այս անկողմնակալ վերաբերմունքի համար Պարոնյանը ընտրել է ՔԱՄ ծածկանունը, նմանեցնելով իրեն ավանդական քամին, որն անողոքաբար ծաղրեց իր հարբած հորը՝ Նոյին։

Վկայակոչենք հեղինակին.

«Չգիտեի՞ք, թե հրապարակին վրա աղեկ գեշ Քամ մեմ, թե ի հարկին կը ծաղրեմ ո՛չ զքեզ, այլ հայրս իսկ. ո՛չ միայն հայրս, այլ նաև ինքզինքս, և երբ իմ թերությունս ծաղրելու չեմ վարանիր, պիտի վարանե՞ի զձեզ ծաղրելու. ես որ իմ թերությանս կուրծք տալով հետը կը մարտնչիմ, կարծեցիր թե Միսաքյանիդ թիկո՞ւնք պիտի դարձնեմ» («Մեղու, 1873, հուլիս 11, № 153)։

Հետագայում, տարիներ անց, 1882 թվականին, նույն Քամ ստորագրությունն էին կրում Ա. Հովհաննիսյանի «Արձագանքի» առաջին համարում լույս տեսած Պարոնյանի վերոհիշյալ «Ծիծաղներ» հոդվածաշարքը։

Պարոնյանագիտությանը հայտնի է ՀՈՒՇԱՐԱՐ ծածկանունը։ Բայց ի՞նչ նկատառումով է հեղինակը ընտրել այդ անունը։

Բացատրությունը տրված է Պարոնյանի կողմից ոչ ուղղակի կերպով, այլ այս հատորում զետեղված «Ի՞նչ է կինը» հոդվածում.