Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵ ՈՐՆԵՐԸ

Թե որ էրիկ մարդերն ալ կանանց պես իրենց մեջքը քորսեներով սեղմեին՝ ծյուրական ախտեն աշխարհիս վրա մարդ չէր մնար։

Թե որ բոլոր երիտասարդներն բոլոր աղջիկներուն պես իրենց դեմքը կարմիր քսեին՝ աշխարհ կրակ կը կտրեր։

Թե որ ամեն ժողովներ մեր ընդհանուր ժողովին պես ըլլային՝ աշխարհ Բաբելոնյան աշտարակ կը դառնար:

Թե որ բոլոր բարոյագետները Մանզումեի պես ըլլային՝ աշխարհս շատուց կործանած էր։

Թե որ բոլոր ճշմարտախոսները Սետայր Հաքըքաթի պես ըլլային՝ աշխարհս սատանաներով կը լենար։

Թե որ բոլոր մարդիկ Պապի պես ըլլային՝ սափրիչները աշխարհիս կը տիրեին:

Թե որ ամեն մարդ Մասիսի պես ըլլար՝ աշխարհ քար կը կտրեր։

Թե որ ամեն մարդ Մամուռի պես խոսեր՝ աշխարհ խնդալեն կը ճաթեր։

Թե որ ամեն մարդ Օրագրի պես խոսեր՝ տրամաբանությունը իրենց մորը արգանդին մեջ ուսած տղաք պիտի ունենայինք։

Թե որ ամեն մարդ Փունջի պես խոսեր՝ աշխարհս կնիկներով կը լենար:

Թե որ ամեն մարդ Հայրենիքի պես ըլլար՝ արտասվաց հեղեղ մը զաշխարհ կողողեր։

Թե որ ամեն մարդ Ավետաբերի հետևեր աշխարհս առաքյալներով կը լենար։

Թե որ ամեն թերթ Մեհմուայի պես իզհարը իֆլասները ծանուցաներ՝ աշխարհիս վրա վաճառական չպիտի մնար:

Թե որ ամեն թերթ Մեղուին պես խայթեր՝ աշխարհիս վրա անծակ երեսով մարդ չպիտի տեսնվեր։