Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տե՜ս, հայրիկ, տուները ինչպես կը քալեն կոր։

Խե՛ղճ տղա... խեղճ Մամուլ:


Մանզումեի մեջ կը կարդանք, որ պարսից շահը Կարապետ էֆենտի Փանոսյանին երրորդ կարգի առյուծու և արեգական պատվանշանը շնորհեր է։

Մանզումեի խոսքին նայելով Փանոսյանը շահին ծառայություն մը ըրած չէ եղեր, իր ազգին մատուցած ծառայությանցը համար առած է եղեր վերոհիշյալ պատվանշանը։

Եթե ազգին ծառայություն ընողները իրենց վարձատրությունը շահեն պիտի առնեն նե՝ կը խնդրենք Փանոսյանին, որ շահին գրե մեյմեկ պատվանշան ալ մեզի ղրկե։


Լրագրի մը մեջ կը կարդանք, որ անցյալ շաբթու տաճկի կին մը նավակեն ելած ատեն ծովը կիյնա Սիրքենի իսկելեսիին առջև, և վրան պղինձ և ուրիշ տեսակ շատ մը ստակ գտնվելուն՝ ծովուն տակը կերթա, բայց անոր ասոր օգնությամբը մահվնե կը խալսի։

Այս լուրը միմիայն մեր ընթերցողաց ուրախառիթ լուր մ՛ալ տալու համար տվինք, և այս ուրախառիթ լուրն ալ այն է, թե եթե օր մը ազգային սնտուկը նավակով ուրիշ տեղ մը փոխադրել հարկ ըլլա, և եթե Աստված չընե ծովը իյնա՝ ծովուն երեսը պիտի մնա։

Ուրախացե՜ք, հայեր, ազգային սնտուկնիս աղեկ լողալ գիտե..․


— Ստեփան էֆենտի Փափազյանը ազգասե՞ր է։

— Էջմիածին տպված օրացույցը բե՜ր, մեջր նայինք, ազգասեր է նե՝ հարկամ մեջր դրված է։

— Ի՞նչ կըսես, օրացույցի մեջ անանկ բան կը գրվի՞։

— Գրես նե՝ չ՞գրվիր։ Մինչև հիմա մեկու մը ազգասեր ըլլալը անոր գործերեն կը հասկցվեր, ասկից վերջը օրացույցեն պիտի հասկցվի։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Ահավասիկ էջմիածնա օրացույցին գրածը, հինգերորդ տարեդարձ օծման վեհափառ Գեորգ ազգասեր կաթողիկոսին:

Ո՞ւր ես, տեր Երեմիա, ո՞ւր է սխալացույցդ։