Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը կը ներկայացվի։ Ամեն դպրոց իրեն համար զատ ողբերգություն մը ունի, զատ Վարդան մը ունի, մեկուն մեջ կը նայիս, որ Վարդանը պատերազմի մեջ կը մեռնի, մյուսին մեջ Տղմուտ գետին մեջ կը խեղդվի, մեկալին մեջ պատերազմե դառնալեն ետքը կը մեռնի, վերջապես ամեն մարդ ուզածին պես կը մեռցունե քաջն Վարդանը. եկու տես, որ քաջն Վարդան այս ողբերգությանդ մեջ ալ կը ցցունե յուր քաջությունը, զինքը մեռցնող ողբերգակներուն մեծագույն մասն ալ ինքը կը մեռցունե...

Արդ, վաղը քաջն Վարդան կը պատերազմի ոչ թե պարսկաց դեմ, այլ մեր ողբերգուներու դեմ, և ես ապահով եմ, որ քաջն Վարդան հաղթանակը պիտի տանի։


— Հակահասունյանց խնդիրը ի՞նչ եղավ։

— Ի՞նչ պիտի ըլլա, ամեն քրիստոնյա ազգերեն երկերկու հոգի՝ կանչվելով ժողով մը կազմվեցավ։

— Ի՞նչ ըրավ այդ ժողովը։

— Այդ ժողովին կեսը իրավունքը հակահասունյանց տվավ, ըսելով, թե պապին բանադրանքը վավերացյալ չըլլալուն անընդունելի է։

— Թո՛ղ վավերացնել տան։

— Կեսն ալ իրավունքը հասունյանց տվավ, ըսելով, թե պապին հարազատ զավակներն ասոնք ըլլալով ատոնք միայն իրավունք ունին կաթոլիկ ըսվելու։

— Ըսել է, որ իրավունքը կես առ կես ըրեր են։ Բայց ինչո՞ւ քրիստոնյաներեն ժողով կազմվեր է։

— Որովհետև մեկը քրիստոնեի մը գործը աղեկ հասկնալու համար պետք է որ քրիստոնյա ըլլա, ոչ քրիստոնյա մը չկրնար քրիստոնեի մը չափ գաղափար ունեալ քրիստոնեի գործին վրա։ Հետևապես, եթե օր մը հրեի խնդիր մ՝ալ ծագի՝ քանի մը օրվան համար հրեա ըլլալու է մեկը խնդիրը աղեկ հասկնալու համար։


— Ո՞ւր բարով։

— Բանտը կերթամ կոր։