Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Եպիսկոպոս ըլլալու համար կերթամ կոր, ըսած էր։

— Ատիկա մեզի խաբած է, եպիսկոպոս պիտի ըլլամ ըսելով գնաց, կաթողիկոս եղավ եկավ։

— Ի՞նչ կըսեք։

— Այո՛, ինքզինքը քահանայապետ կ՛անվանե կոր, լսածնուս նայելով գալ շաբթու ալ Ամբրոսիոս վարդապետին եպիսկոպոսության աստիճան պիտի տա եղեր։

— Աստված շնորհք տա։


Քրաաթխանեի մը առջև

— Հայրիկ այս ո՞ր չափ քալեմ օտասի կա։

— Տղաս, ասիկա ընթերցարան է, քալեմ օտասի չէ։

— Հապա առջի օրը քալեմ օտասի գացինք նե՝ հոն ալ ասանկ ամեն մարդ սիկառնին վառած, ձեռքերնին մեյ մեկ լրագիր առած կը կարդային կոր։


Սենյակի մը դռան վրա սապես գրված է։

Գործ չունեցողը ներս չկրնար մտնալ:

Մարգար աղան հիշյալ սենյակին մեջ քանի մը երիտասարդներու քնանալը տեսնելով․

— Օ՜հ, ըսավ, եթե քնանալու համար ալ ամսական կը տրվի, մեր Ուսումնական խորհրդին ինչո՞ւ ամսական մը չեն կապեր կոր։


— Հելվաճի՛, աղվոր թայըն հելվասի ունի՞ս։

— Հելվա ունիմ, բայց թազե է, քանի մը օրեն եկուր պայաթլամիշ ըլլա ու առնես։ — Դուն ալ Մեճմուա մի՛ կտրիր գլխուս։

— Ինչո՞ւ։

— Ան ալ անանկ կ՝ըսե, թազե լուրեր ունինք, բայց մինչև որ պայաթլամիշ չըլլան չենք կրնար տալ։