Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ

Գինետան մը մեջ

— Ծո՛, Գրիգոր, գնա՛ սա Թորոսեն ստակ ուզե, ամիսե մը ի վեր խմեց խմեց, երկու երեք օր է չերևար կոր։

— Վարպետ, անիկա կեոնյուլլյա գրվեցավ։

— Վարպետեն գնա ուզե՛։

— Ան ալ կեոնյուլլյու գրվեցավ։

— Ի՞նչ կըսես, շուտ ըրե, գոնե սա Կիրակոսը գտի՛ր, ստակ ուզե, ան ալ չելլա գրվի։

— Ան արդեն գրվեցավ։

— Ինչո՞ւ կեցեր ենք, անանկ է նե գնա՛, մեյխանեն ալ կեոն-յուլլյու գրել տուր տե, ելլանք հետերնին երթանք։


— Քա ճանըմ, քացախի շիշեն առեր ո՞ւր կը տանիս կոր, իրիկունը սալաթայի վրա ի՞նչ պիտի անցունենք։

— Թող տուր, տիկիններուն քոմիթեն պիտի տանիմ։


— Պարոն Թումիկ, իմացա, որ զապթիե պիտի գրվիս եղեր։

— Ի՞նչ ընեմ, աղբար, պարտքի համար զապթիեներու ձեռքեն խալսելու համար զապթիե ըլլալ որոշեցի։

— Զապթիե ըլլաս նե ինչ պիտի ընես։

— Ինչ պիտի ընեմ, պարտք ունեցողները տանիմ բերեմ պիտի։

— Ինքզինքդ ալ մեկտեղ, չըսե՞ս։