Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս անգամ պալատականր պատասխանեց.

— Վե՛ց, տե՛ր արքա։

— Ի՞նչ, ըսավ թագավորը, բայց կարծեմ առաջ չորս ըսած էիք։

— Շիտակը, տե՛ր արքա, վախցա, որ եթե միշտ միևնույն պատասխանը տամ, կը բարկանաք։


Կին մը օր մը իր էրկանը հետևյալ նամակը գրած է.

«Քեզի նամակ կը գրեմ՝ վասնզի ընելիք գործ մը չունիմ, և կը վերջացնեմ՝ վասնզի ըսելիք խոսք չունիմ»։


Մարդուն մեկն հետևյալ ծանուցումն ըրած է․

«Խիստ ծանոթ մարդ մը հիսուն հազար ֆրանք գտնել կը փափագի. ով որ գա տեղն իրեն ցուցնե. կեսն անոր պիտի տա»։


— Կը հավատա՞ք, պարո՛ն, կըսեր պզտիկ կին մը գինեմոլի մը, եթե ըսեմ, որ տասը տարիե ի վեր է, որ այրի եմ, բնավ օր մը մտքե՛ս անգամ անցած չէ կարգվիլ։

— Կը հավատա՞ք տիկին, պատասխանեց գինեմոլը, եթե ձեզի ըսեմ, թե ինքզինքս գիտնալես ի վեր է, որ ծարավ ըսված բանը մտքես անգամ անցած չէ։


Մարդուն մեկն այն աստիճան խոհեմ էր, որ օր միր մեկ բարեկամին կըսեր.

— Երբ որ ես կնոջ մը հետ սիրահարություն ընեմ, անանկ կը վարվիմ, որ բնավ անիկա չգիտնա։


Գինեմոլ երաժիշտ մը իր բարեկամներեն մին կը խրատեր, որ երաժշտություն սորվի:

— Ա՜հ, բարեկամ, պատասխանեց մյուսը, ես արդեն գինին խիստ շատ կը սիրեմ։


Ֆրանսուա Ա.-ի գրապանը հռչակավոր Տյուվալ ուսումնական ի՛նչ բան որ Հարցվեր իրեն, շատ անգամ չգիտեմ կը պատասխաներ: