Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեկ բարձի վրա ծերանաք, պարոն Կոմիկ, կարգվիլդ իմացա շատ ուրախ եղա։

— Շնորհակալ եմ։

— Կնիկդ աղվո՞ր է։

— Չէ, աղվոր չէ, եթե շիտակը կուզես՝ շատ ալ տգեղ է, բայց աղեկ թրախոմա տվավ։

— Ա՛լ ասոր թրախոմա չըսվիր ա՛, սրվոր բացե ի բաց աղեկ տուգանք տվավ ըսե՛, լմննա երթա։

— Մատամ, կը զարմանամ ձեր վրա, ամեն գիշեր տուներնիդ կանչել կուտաք սա պաղ մարդը, որ խաղ կանչե, ասոր ձայնը մտիկ կըլլվի՞։

— Դիտմամբ բերել կուտամ. հյուրերը շատ նստելնուն պես ատ մարդուն խաղ մը կանչել կուտամ, ամենքն ալ կ՝ելլան կ՝երթան։


— Տիկին, ձեզի բան մը պիտի հարցունեմ։

— Հարցուցե՛ք։

— Տիկին էլմոնիան կը ճանչնաք, այնպես չէ՞։

— Այո՛ շատ աղեկ կը ճանչնամ։

— Քանի՞ տարու է։

— Քառասունհինգ ըլլալու է։

— Ես ալ այնպես գիտեի, բայց առջի գիշեր տեղ մը կը պնդեր, թե ինքը քսանը ինը տարու է։

— Ըսել է թե աշխարհ եկած ժամանակը տասնվեց տարու է եղեր։


Քարոզիչին մեկը քարող տված միջոցին շփոթվելով ըսավ, թե, Հիսուս հինգ հազար հացով հինգ հոգի կերակրեց շատ մը օրեր։

— Աս ալ բա՞ն մ՝է, պոռաց դասին ետևը կայնող Ամբակում աղան, հինգ հազար հացով ես ալ կրնամ շատ մը օրեր հինգ ոգի ապրեցնել։