Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼ. Ժ

Իմ սիրածները

Փոքրիկ ընկերությունները, անտառներու մեջ շրջագայությունը սիրեցի։ Ակամա արեգակը կը մեծարեի, և յուր մայր մտնելը շատ անգամ ինձ տխրություն կը պատճառեր։ Գունոց մեջ կապույտը, կերակրաց մեջ պյուֆթեքը, ըմպելյաց մեջ պաղ ջուրը, տեսարաններու մեջ կատակերգությունները և խեղկատակությունները, մարդկանց և կանանց մեջ պայծառ ու սրտագրավ դեմքերը հարգեցի, երկու սեռին մեջ գտնված սապատողները այնչափ հաճույք կուտային ինձ։


ԳԼ. ԺԱ

Իմ չսիրածները

Խենդ և դատարկասուն մարդոցմե, ինքզինքնին առաքինի ծախող բանսարկու կիներեն հեռու կը փախչեի, պաճուճանքը չէի սիրեր. քսված մարդկանց և կանանց վրա կը ցավեի ու կը գթայի. մկները, ոգելից ըմպելիքները, բնազանցությունը և խաշնդեղը կատեի. կախաղանե և կատաղի գազաններե կը վախնայի։


ԳԼ. ԺԲ

Իմ կենաց բովանդակությունը

Աներկյուղ և համբերությամբ մահվանս կսպասեմ. կյանքս շատ տեսիլներով երգախառն թատերգոլթյուն մեղավ, որուն մեջ դյուցազնի, հակառակորդի, սիրահարի և ազնվական հոր մը դերերը կատարեցի, բայց երբեք ծառայություն։


ԳԼ. ԺԳ

Վարձատրություն երկնից

Մեծ երջանկությունս սա է, որ Եվրոպիո տնտեսներն եղող երեք մարդոցմե ակնկալություն մը չունիմ. և որովհետև բավական հարուստ, գործե քաշված և երաժշտության ալ անտարբեր եմ, հետեվաբար Ռոչիլտի, Մեթերնիքի և Ռոսինիի հետ գործ մր չունիմ։