Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 7 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լինի անունը, նրա զանազան մտքերն ու ասույթներր և այս պատճառով Պարոնյանը ակնարկում է՝ «...Ֆրանքլինի կարծիքը ինչ է արդյոք»։

32. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <54>, ծանոթ. № 5։

33. Տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Ազգային ջոջեր», «Մ. Տիգրանյան»։

34. Պարոնյանը հատկապես Ադրիանապոլսի (էդիրնե) երկաթուղային աղետներին հաճախ է անդրադառնում, որովհետև Ադրիանապոլսի երկաթուղին նոր էր շահագործման հանձնվել՝ 1873 թվականի հուլիսի 5-ին։

35. «Եկեղեցին կոխեր է» — Ոճ է. նշանակում է ներխուժել է, ավերել է։

36. Խոսքը Գ. Այվազյանի «Մամուլ» երգիծական հանդեսի և իր, Պարոնյանի «Մեղուի» մասին է։

37. «Սիոն» — Կրոնական ամսագիր (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, IV հտ., «Կսմիթներ», <33>, ծանոթ. № 2)։

38. «Մանզումեի» խմբագիր Կ. Փանոսյանը 1874—1875 թվականներին հրատարակեց «Մոտա» անունով նորաձևությունների թերթ։

39. «Մարդս կատարյալ չէ» — Կամ «Կարկանդակավաճառը». ֆրանսերենից թարգմանված վոդևիլ. հեղ. Գոդոլֆեն։

40. Նկատի ունի Հ. Եդեսյանի և Հ. Սպարդալյանի լայն արձագանք ստացած պայքարը (տե՛սՀ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VI հտ., «Կարգվի՞նք թե չէ», ծանոթ. № 1)։


ՍՈՒՐՀԱՆԴԱԿ ՄԵՂՈՒԻ

Սույն վերնագրի տակ զետեղված մանրապատումներն առաջին անգամ լույս են տեսել «Մեղուի» մեջ, Ով է Նե ստորագրությամբ, 1873 թվականի օգոստոսի 8-ին (№ 161)։

1. «Ճեմիշ» թուրքերեն նշանակում է զուգարան, որին «Մանդումեի» խմբագիր Կ. Փանոսյանը նվիրել է մի ամբողջ հոդվածաշարք, առիթ տալով Պարոնյանի երգիծանքին ու սրամտություններին (տես «Խայթվածք», 1873, ծանոթ. № 13)։

2. Համեմատելով ազգային Քաղաքական ժողովը ճեմիշի (զուգարան) հետ, Պարոնյանը ցույց է տվել նրա քայքայված, նեխված էությունը։

3. «Վարժապետական ժողովը» ուսումնական խորհրդին կից կազմված մարմին էր, ուր քննարկվում էին կրթական հարցեր։ Այս ժողովներում, ի պաշտպանություն աշխարհաբարի, հանդես է եկել Մ. Չերազը, որի արտասանած ճառերը հետագայում հավաքվեցին մի գրքի մեջ և լույս տեսան «Ազգային դաստիարակություն, Վարժապետական ժողովի մեջ խոսված ճառեր» վերնագրով, 1876 թվականին Պոլսում։

4. «...Նենեխաթունական Ժողով...» — «Նենեխաթուն» թուրքերեն բարդ բառ է, կազմված նենե և խաթուն բառերից, նենե նշանակում է տատիկ, խաթուն՝ տիկին, տանտիկին։ Պարոնյանը ծաղրում է «Մամուլի» գռեհիկ ժողովրդական լեզուն, այն համեմատելով տգետ պառավների լեզվի հետ։