Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿԶԲՈՍՆՈԻ

Այս գերապատիվ Խորեն սրբազանը մեր գավառացի եղբարց հետ կզբոսնո՞ւ ինչ կընե, Աստվածդ սիրես։

Ասկե առաջ ռոտոսթոցիք նորին սրբազնությունը իրենը առաջնորդ կընտրեն. նորին սրբազնությունը հակառակ յուր խոստման, չուզելով Վոսփորի ափունքեն հեռանալ պատճառ փնտռեց, որ Ռոտոսթո չերթա։

Լսած ըլլալով, որ ռոտոսթոցիք մեծ ծախսեր ընելու անկարող են, ծանր առաջարկություններ ըրավ անոնց, օրինակի համար, հոյակապ առաջնորդարան մը կուզեմ ըսավ, փոխանորդ մը կուզեմ ըսավ, քաբու օղլանի մը կուզեմ ըսավ, դպրոցներու հառաջադիմությանը համար շատ ստակ կուզեմ ըսավ, թե որ այս ամենը ընեք կուգամ ըսավ. այս ամենը ըսավ, որ ռոտոսթոցիք իրենց ընտրութենեն վազ անցնին։ Հնդհակառակն, ռոտոսթոցիք այս ամենը ընդունելով հրամմեցեք ըսին նորին սրբազնության։

Նորին սրբազնությունը այս անակնկալ «հրամմեցեք»ը լսելուն պես վայրկյան մը շվարեցավ. վերջեն միտքը դրավ, որ քանի մը ավելի ծանր առաջարկություններ ընե. բայց վախնալով, որ զանոնք ալ կընդունին, իր այս խորհուրդը չկատարեց, և երթալ բային սահմանական Ա․ դեմքին վրա բացասական ոչ մը դրավ և ըսավ «չե՛մ երթար»։

Չպիտի երթար նե՝ ինչո՞ւ ատ առաջարկությունները ըրավ․

— Պատճառը սա է, որ Խորեն եպիսկոպոսը կզբոսնու։

Ժամանակ անցավ, Իզմիրեն առաջնորդ ընտրվեցավ։ Նորին սրբազնությունը ըսավ, որ այդ ընտրությունը ապօրինավոր ըլլալուն՝ չեմ ուզեր կռիվներու պատճառ ըլլալ, հետևաբար չեմ ուզեր երթալ։ Ասոր վրա իզմիրցիք օրինավոր ընտրություն մը ըրին և զինք առաջնորդ ընտրեցին. նորին սրբազնությունը դարձյալ չգնաց։