Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանալի մարդ ես, ատ ալ հարցնելու բա՞ն է. աս տարի ալ մենք պիտի ներկայացում տանք, վեսսելամ․

— Ըսել է, որ հացիս ու շահուս աչք տնկեր եք, հա՞. բայց․․․

— Ո՛չ, ոչ, կըսե վրա բերելով նորին արժանապատվությունը, մեր հաճի և էֆենտի եղբարքն այս մասին ձենե ավելի հաջողակ են տե, անոր համար կուզեն, որ տարի մալ իրենք ընեն։

— Զարմանալի՜ և ցավալի բան, կըսե Վարդովյան էֆենտին մորուքին տակեն խնդալով մը, այս գործքին մեջ ինե ավելի հաջողակ, ինե ավելի գործունյաներ կան եղեր տե ես խապար չունիմ եղեր։ է՜հ, վերջին խոսք կըսե, դառնալով անոնց, գոնթրաթը լմնցունե՞նք։

— Ո՜ւֆ, աղբար, խմենք աղբար։

— Իմ արժանապատվությունս խմել կուզե։

— Բայց բարեկամներ, դուք ըսիք, որ սուարե մը տամ նե՝ դուք ալ դոնթրաթնիդ ինձի պիտի թողուք, հիմա կը տեսնեմ, որ խոսքերնուդ վրա հավատարիմ չեք ուզեր գտնվիլ։

— Աղբար, ի՞նչ կ ըսես, ես այսչափ նեղություն քաշեցի, ո՜ւֆ, չես հասկնար պե՛, կեցի, սըկե մեկ հատ մը տահա տնկեմ։

— Շիշեն պարապ է, ներեցեք։ Ինձի նայե սպասուհի, ուրիշ շիշ մը օղի բերեք, էյ, ի՞նչ է եղեր քաշած նեղություննիդ։

— Աղբար, եկա, գացի, հոգնեցա, ֆայիզով ստակ առի, տունս, խանութս ծախեցի, նա՛, չես հավտար նե՝ նորին արժանապատվությանը հարցուր, այնչափ ծախքե ելա, հիմա քու խելքդ կը կտրե՞ որ․․․

— է՜յ, ի՞նչ է նե 100 ոսկի ալ ես ավելի տամ տե, լմնցուցեք։

— Ո՜ւֆ, ի՞նչ կըսես աղբար, չըլլար, չըլլար հազար ոսկի տաս նե պելքի տամ։

— Ի՞նչ, խելքիս եկեր է զահեր, անցյալ տարվան վճարածիս կրկինը, բայց դուք կերևի որ սփեքյուլասիոնի ելեր եք։

— Ո՜ւֆ, աղբար, աղբար, չեմ գիտեր, չեմ դիտեր սփեքյուլասիոն ի՛նչ ըսել է։

— Արժանապատվությունն, այսինքն ըսել կուզե, թե մատրապաղություն է ըրածնիս։

— Օ՜, օ՜, այդ աստիճան ալ նախատինք, հայտե ե՛լ երթանք։

— Կեցի՛, հոս ա՛ քիչ մը օղի տահա կա, ան ալ խմենք տե անանկ, ալ ժամը 10ն է, անակ երթանք։

— Ճանըմ, ինչո՞ւ այդչափ կը բռնանաք, սա իս ասանկ ահագին խումբովս խեղճ ընելեն ի՞նչ կելնե։