Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵԶՈԻ ՍՈՐՎԵԼՈՒ ՆՈՐ ԴՐՈՒԹՅՈԻՆ ՄԸ

Մանզումե այս օրերս Ամերիկայեն եկած վարժապետ մը ձեռք անցուցեր է եղեր։

Այս վարժապետը նոր բան մը գտեր է, այս գյուտը Ամերիկայի գտնվելեն ետքը ըլլալու է, շատ հավանական է, որ այս վարժապետը քիչ մը առաջ ծնելու ըլլար նե՝ Քոլոմպոսին փառքը ինք կը հափշտակեր։ Այս նոր գյուտն է եղեր բոլոր աշակերտները քովե քով նստեցնել, ոտքի վրա կայնին նե՝ չըլլար եղեր, քովե քով նստեցնելեն վերջը, գիրք մը բանալ և այն գիրքեն կտոր մը կարդացնել, ամեն աշակերտին մեյ մեկ բառ ըսել տալով։ Այս գյուտով աշակերտ մը վեց տարվան մեջ սորվելիքը մեկ տարվան մեջ կը սորվի եղեր։

Վարժապետը իր առաջին փորձը ըրեր է եղեր Ագապյան վարժարանին մեջ, և աշակերտուհիք մեկ տարվան մեջ սորվելիքնին մեկ օրվան մեջ սորվեր են։ Վարժապետը նկատելով, որ աշակերտուհիք անգղիերեն, գերմաներեն և գաղղիերեն «Հայր մեր»ը սերտելեն ժամանակ չեն ունեցեր հայերեն «Հայր մեր»ը սորվելու, զանոնք (ընդամենր քսանը հինգ հոգի) քովե քով նստեցնելով «Հայր մեր»ը դաս տված է իր գտած գրությամբը։

Մեկը «Հայր» ըսեր է, երկրորդր «մեր» երրորդը «որ» չորրորդը «յերկինս» հինգերորդը «ես» վեցերորդը «սուրբ» յոթներորդը «եղիցի» և այսպես քսանհինգ աշակերտուհի քսանհինգ բառ ըսելով մինչև «տուր մեզ այսօր» եկեր են։ Հիմա անդին որչափ բառ մնացած է նե՝ այնչափ աշակերտի պետք ունի Ագապյանը, որպեսզի Ագապյանի աշակերտուհիք կարենան ամենը մեկտեղ գալով «Հայր մեր» մը ըսել։

Հետևյալ օրը վարժապետր գացեր է տված դասը առնելու, և առջի օրվան պես աշակերտուհիները քովե քով շարելով՝ երեկվան դասերնիդ զրուցեցե նայինք ըսեր է։