Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈԻԹՅՈԻՆ

Սուրբ զատկի բանայիրի օրերը մեր պանդուխտ եղբայրները տեսակ մը պար կը պարեն, այն է իրարու մեջքեն բռնելով կը ցատկեն ու կը ցատկեն ու կը ցատկեն, բայց քայլ մը չեն առներ, ոչ առաջ ոչ ետ, ոչ աջ ոչ ահյակ, ոտքերնին ո՛ր կետեն վերուցեր են նե՝ դարձյալ նույն կետին վրա կը կոխեն, ուր են նե՝ հոն են. կարծես թե քայլ չառնելու վարժվելու համար կը պարեն այս պարը։

Մեր ազգային դործերն ալ չգիտեմ պանդուխտներե՞ սորվերեն, չէ նե՝ աս բանայիրներու ներկա գտնվելով հո՞ն տեսեր են. քանի մը ժամանակե ի վեր այս պարը կը պարեն. իրարու մեջքեն բռնած կը ցատկեն ու կը ցատկեն, բայց ուր են նե՝ հոն են։

Այս պարին պարագլուխն է Պրուսայի խնդիրք, որ թաշկինակը ձեռքն առած Սելամիեի խնդրույն մեջքեն բռնած կը ցատկե ու կը ցատկե։

Քանի մը լրագիրք վեց ամիսե ի վեր՝ շաբաթը անգամ մը կը գրեն. կը հուսանք, որ գերապատիվ Բարթողիմեոս սրբազանը մոտ օրերս յուր վիճակը կը դառնա։

Թե որ այս լրագրաց մյուս հույսերնին ալ, եթե երբեք ունին, այս հույսերուն պես է նե՝ բաներնին բուսած է, որովհետև այս մոտ օրերս մոտեցան, եկան և հեռացան, և դեռ Բարթողիմեոս եպիսկոպոսը հոս է. ինչո՞ւ ուրեմն մոտ օրերս չգնաց նորին սրբազնությունը, քանի որ քանի մը լրագիրք այսպես հուսացեր էին։

Յանցանքը նորին սրբազնության է, որ ի դերև հանեց այդ լրագրաց հույսերը։

Սելամիեի խնդիրն ալ աղեկ սորվեր է այս պարը, ամենեն աղեկ աս կը ցատկե կոր, երբեմն ալ նախորդ ատենապետնին ու անդամներն ալ կը ցատկեն կոր։

Նախորդ թաղական խորհուրդը տարի մը պաշտոն վարեր, անկե ի վեր երկու տարի եղավ և յուր հաշիվները չկրցավ տալ։