Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զինք չբարևելը մեծ անկրթություն է։ Ուստի, քաղաքավարության դեմ չմեղանչելու համար մեր բարևը տանք.

Բարի՜ երթաս ծերունի...

Իմ բնավորությունս խնդալ և զբոսնուլ ըլլալով արդյոք կրնա՞մ համարձակիլ ձեզի աղաչել, որ թող տաք քչիկ մը սա Կենդանիին պոչեն քաշեմ։

Մեղո՛ւ, պիտի ըսե հիմա ընթերցողը, դուն ալ Միսաքյան մի կտրիր գլխուս, երկու ժամե ի վեր կը խոսիս և դեռ խնդրույն մեջը չես։

Իրավունք ունի ընթերցողը։

Կա՜նգ առ, Միսաքյան էֆենտի, թող տուր սանձերն ու վար իջիր.

Երբ մեկը ծանր հիվանդ Չունենա և ուրիշ մը այս հիվանդին ինչպես ըլլալը հարցնե իրեն, ընդհանուր սովորություն մէ, որ գեշ է չեն ըսեր, այլ ինչպես է նե՝ անանկ է կըսեն։

Առջի օրը մեզի հարցուցին․

— Ինչպես է Միսաքյանի հոդվածը։

Ինչպես է նե՝ անանկ է պատասխանեցինք վերոհիշյալ սովորության հետևելով։

Միսաքյան էֆենտի Փունջի դեմ Մասիսի բացած դատին ինքնակոչ դատավոր հանդիսանալով, անցյալ չորեքշաբթի ավուր Փունջին մեջ հոդված մը կը հրատարակե անանկ վերնագրով մը, որ հոդվածին չափ երկար ըլլալով տեղերնուս անձկությանը պատկառով զանց կընենք հոս դնել։

1850-ի պուետը վատ և կենդանի բառերն ակնարկելով կըսե․

«Այս երկու բառին վրա երկու հակառակորդաց և կուսակցաց կողմանե բառարանի մը չափ մեկնություն դրվեցավ, բայց դեռ ոչ պատշաճական նշանակություննին որոշվեցավ, և ո՛չ իսկ հաջողության հույս կա։ Ուստի, հավանականաբար կըսեմ, որ ոչ միայն դատին վճռվելիք օրը, այլև մինչև ընդհանրական դատաստանին վերջին վայրկյանն այս բառերուն քմահաճո նշանակություններն երկու ընդդիմամարտից մեջ անսահման պիտի մնան, վասնզի, վեճը ո՜չ թե պարզ բանասիրական, այլ բացարձակապես հաղթասիրական ըլլալով՝ անհնար է, որ մեկ կողման գտած ճշմարտությունը մյուսն ընդունի ու զինաթափ ըլլա»։

1873-ի մարգարեն կը սխալի յուր գուշակությանը մեջ, վասնզի մեկու մը բառի մը քմահաճո նշանակութենեն համոզվելով զինաթափ չըլլալեն չհետևիր, չէ հետևած և երբեք չպիտի հետևի, որ