Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՐԱՑ ՎԻՃԱԿԸ

Ազգային գործերուն վիճակը ճիշտ Օրագրո վերջին երեսին պես է, միշտ անփոփոխ։

Ո՛չ Քաղաքական ժողով ունինք, ո՛չ ալ Կրոնական ժողով, Ընդհանուր ժողովն ալ քանի մը շաբաթե ի վեր չգումարվիր կոր։

Ինչ որ ուզեն թող ըսեն, անցյալը միշտ անուշ է։ Երբեմն Ընդհանուր ժողով մը ունեինք, որ կը բացվեր ու զանգակ կը զարնվեր, նորընտիր երեսփոխանը կը վավերացվեին, հինընտիր երեսփոխանը իրարու հետ կը վիճաբանեին, երբեմն ալ կը կռվեին, և մենք ալ անոնց կռիվը տեսնելով կ՝ուրախանայինք։ Ան օրերը եթե գործ չկար՝ գոնե զբոսանք կար, իսկ հիմա, բան մ՝ալ չունինք։

Քաղաքական ժողով մը ունեինք, որ ժողով գումարված օրը անդամներեն մեկը Վիեննա, մյուսը Լոնտրա, մյուսը Պեոյուք տերե և երկուքը միայն Պատրիարքարան կը գտնվեր, և ասանկով ժողովը իր որոշումները կուտար, իսկ հիմա ո՜չ որոշում կա ո՜չ վճիռ։

Կրոնական ժողով մը ունեինք, որ մերթ Մեղուն բանադրել կուզեր, մերթ, Բարձրագույն Դռան լուր կը ղրկեր, որ ազդարարություն ղրկե մեզ, իսկ հիմա ո՛չ բանադրանք կա ո՛չ ալ․․․։

Ժամանակավ Պատրիարք մը ունեինք, զոր լրագիրներեն ոմանք կը հարվածեին, կը բամբասեին, իսկ հիմա ո՛չ Պատրիարք կա ո՜չ հարված կա իրավ։

Ժամանակավ թաղերուն մեջ կռիվ, հուզմունք, կագ, վեճ կար, իսկ հիմա թուղթեն և նարտեն ուրիշ բան մը չկա։

Ժամանակավ լրագրաց մեջ Մեղուին նյութ մատակարարող հոդվածներ կային, իսկ հիմա ո՜չ հոդված կա ոչ ա՜լ նյութ։

Ազգային գործոց արդի վիճակը ամենուս ալ վնասեց։ Փոխենք ուրեմն այս վիճակը, որ մենք ալ փոխվինք։