Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ելած էր․ դուն ըլլայիր նե Թուրքիո մեջ շըմենտըֆերներ, թրամվեյներ և օմնիպյուսներ չէր ըլլար (խենթերուն ասանկ խոսիս նե՝ կախորժին, խելագարները բժշկվելու համար անոնց ախորժած լեզվով խոսելու է իրենց), թե որ դուն չըլլայիր Մամուլ, գրականությունը այսչափ չէր ծաղկեր հայ ազգին մեջ, թե որ դուն չըլլայիր հայ ազգը կորսված էր...»։

Խենթության երկրորդ նշանն ալ սա է, որ Մեղուին մեջ հրատարակված մեկ պատկերին վրա, որով սրբազան Պատրիարքին վրա մուր քսել ուզող վատերը կը հարվածեինք, գրված «սիրահարություն» բառը չտեսնելով կնիկ է կըսե, ու սիրահարությունը կնիկ կը կարծե։

Եթե սիրահարությունը մարմնացնելով կնկան կերպարանքով ներկայացուցած ըլլալնուս համար սիրահարությունը կնիկ կըլլա, պետք է որ դաստիարակությունը, օրինավորությունը և կրոնքն ալ մեյ մեկ մարդ ըլլան, որովհետև Մեղուի մեջ զանոնք ալ անձնավորած ու մարդու կերպարանքով ներկայացուցած ենք, բայց այդ պատկերը ժողովրդյան մեծագույն մասին անհաճո երևցած է եղեր։ Կը պատասխանենք, ժողովրդյան մեծագույն մասին անհաճո երևցածր անհաճո չէ, ինչպես նաև հայ ժողովրդյան մեծագույն մասին անհասկանալի երևցած գրություն մը անհասկանալի չէ։ Բայց ժողովրդյան մեծագույն մասը այդ անձնավորյալ սիրահարությունը կնիկ կարծեր է եղեր։ Կը պատասխանենք. Գրություն մը, կամ պատկեր մը չկրնար ըլլալ այն՝ ինչ որ կը կարծվի, այլ այն՝ ինչ որ է։ Խմբագիր մը ժողովրդյան մեծագույն մասին հասկացողության չափովը գրած չըլլալուն համար հանցավոր չկրնար համարվիլ. և եթե այս դարեն պատժվի՝ հաջորդ դարեն կը վարձատրվի։ Խմբագիր մը ավելի հաջորդ սերունդին վճիռեն վախնալու է, քան թե ներկա սերունդին վճիռեն։ Հիմա Մամուլ գործ չունիս նե ուզածիդ պես, ուզածիդ չափ բացատրե՛ այդ պատկերը, գործ չունիս նե։

Խենթության երրորդ նշանն ալ սա է, որ մենք իր վրա նախանձեր ենք եղեր։

Կը պատասխանենք.

Նախանձը՝ ուրիշի մը նմանելու փափագ մէ և ե՞րբ տգիտությունը ուրիշի նախանձը հուզեր է, որ մենք ալ Մամուլին վրա նախանձեինք։

Խենթության չորրորդ նշանն ալ սա է, որ մենք Խորեն եպիսկոպոսին մեղա ըսեր ենք եղեր։