Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՏԱՐԻ

Հա՛, հա՛, հա՛.

— Խնդալու ի՞նչ կա։

Իրավ որ ես ալ չգիտեմ. ամենքը կը խնդան կոր, ես ալ խնդացի, խնդալուս պատճառը հարկավ մյուս խնդացողները ինձմե աղեկ գիտեն:

Ներեցե՛ք, ընթերցողը, չեմ կրնար խնդալս բռնել, երբ կը տեսնեմ, որ նոր տարվույն առաջին օրը ամեն մարդ մեծ ու պզտիկ իրարու երես նայելով կը խնդան։ Չգիտեմ թե, մարդս կեցած տեղը ինչո՞ւ պիտի խնդա։ Ասիկա պարզորեն տղայություն է, խենթություն է և առիթ կուտա ինձ նոր տարվույն առթիվ ըսելու, թե եթե մարդոց փոքրիկ մասը իմաստության մասին միապետական են..․ խենթությունը հավասարապես բաժնված է մարդոց։

Տե՛ս մեյ մը, երեք հարյուր վաթսուն օրվան մեջ գոնե քանի մը վայրկյան իմաստություն չեն ցցուներ և տարվույն առաջին օրը քսաներկու ժամ շարունակ խենթություննին կը հայտնեն։

Շատերը կըսեն, թե նոր տարվույն առջի օրը խնդալը բարի սովորություն մ՝է, և թե մարդիկ ո՛չ թե խնդալու համար կը խնդան, այլ բարի սովորության մը հետևած ըլլալու համար կը խնդան։ Մեր մտքեն բնավ չէր անցներ, թե մեկը կարենա խնդալ սովորության մը հետևած ըլլալու համար, թե մեկը հիվանդ ըլլա ըսելով, թե այսօր հիվանդանալը սովորություն մ՝է, և ես ալ բարի սովոբության մը հետևած ըլլալու համար հիվանդացա։

Խենթություն մալ աս։

Բայց, պիտի ըսվի մեզ, տարին նորոգվելուն պես բնականաբար ամեն մարդ բերկրություն կզգա։

Անանկ է նե մարդոց այս բերկրությունը տղայություն է, որովհետև ըսել պիտի ըլլա, թե ինչպես որ տղայք նոր բան մը տեսնելնուն պես կը խնդան, այնպես ալ մարդիկ նոր տարին տեսնել-