Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարոնյանի և Սվաճյանի գաղափարական դրույթները հրապարակախոսության և երգիծաբանության մեջ նույնն էին, բայց միանգամայն այլ էին ստեղծագործական, արտահայտչական միջոցները Պարոնյանին Ավաճյանից տարբերելու համար։ Այս հարցում պատահական չէ Պարոնյանի կարծիքը․ հեղինակին տեսնելու և ճանաչելու հիմնական տվյալը նա միշտ համարել է լեզուն և ոճը (տե՛ս Լ. Պարոնյան, Երկերի ժողովածու, VII հտ., Ծանոթագրություններ)։

Պարոնյանի՝ «Մեղվին» աշխատակցելուց կարճ ժամանակ անց, 1872 թվականի նոյեմբերի 4-ին Սվաճյանը թերթը հանձնում է Պարոնյանին. «Մեղվի» մեջ նա տպագրում է մեզ հետաքրքրող հարցի համար խիստ շահեկան մի հայտարարություն, որի մեջ ասված է.

«Մեղվի տնօրինությունը, խմբագրությունը, գործակալությունը, վերջապես ամեն նեղությունը պ. Հ. Պարոնյանին հանձնված է, մեզի վերապահելով երբեմն անոր խմբագրության օգնականությունը»։

Նախ, համաձայն այս հայտարարության հաստատվում է վերը հիշատակված ժամանակակիցների վկայությունը, երկրորդ, ըստ Սվաճյանի «Մեղվի» մեջ այլևս սպառված էր նրա դերը. «Մեղուն» լույս էր տեսնում արդեն Պարոնյանի սեփական ուժերով, նրա էջերը լցված էին խմբագրի, այսինքն Պարոնյանի հոդվածներով։

«Մեղուն» լրիվ ստանձնելուց հետո, ի հայտ է գալիս Պարոնյան հրապարակախոսը, հատկապես թերթի առաջնորդողների մեջ։ Հրապարակախոսի ներգործողն խոսքով ու հզոր տրամաբանությամբ են դրված «Մեղվի» առաջնորդողները, և իրենց շոշափած հարցերով, ինչպես առաջնորդողները, նույնպես և հատորի մնացյալ նյութերը մի ամբողջություն են կազմում նախորդ հատորներում տպագրված հանրաճանաչ երկերի հետ։ Հարազատ են պարոնյանական հումորի զուսպ ձևերը, երկդիմի ակնարկները, խայթվածքները, թղթակցությունները («Թղթակցությունք Մեղուի»), «Ազգային ջոջերի» նմանությամբ գրված դիմանկարներն («Նկարագիրք Մեղուի») ու թատերական քննադատությունները։ Այս առումով Պարոնյանի երկերը և հատկապես «Ջոջերը», «Պտույտն» ու «Խայթվածքները» փաստական արժեք ներկայացնող աղբյուրներ են Պարոնյանի անստորագիր նյութերի ճշտման համար։ Հիշյալ երկերում անսքող դրսևորված են հեղինակի գնահատականները, համակրանքն ու հակակրանքը հասարակական երևույթների, անհատների նկատմամբ, և անստորագիր երկերի մեջ միշտ ներկա է «Ջոջերի», «Պտույտի» և «Խայթվածքների» Պարոնյանը։

Հատորի անստորագիր նյութերից է «ճակատամարտ Օրագրո ընդդեմ Մանղումեի»: Հոդվածը սկսվում է ընթերցողին ծանոթ տողերով.

«Կերգեմ ես այն դյուցազանց պատերազմը, որք սագի փետուրով զինյալ վեց ամիս կատաղաբար իրարու դեմ, պատերազմեցան, ընթերցողաց սոսկալի ջարդ տվին և լրագրական ասպարեզը արյամբ արատավորեցին»։

Այս պայքարը խոսքի, պատկերների երգիծանքի նույն ձևերով նկարագրված է «Ջոջերի» մեջ՝ Կ. Փանոսյանի դիմանկարում։

«Ինչո՞ւ չերգեմ նաև այսօր այն պատերազմն դյուցազուններու, որք սագի փետուրով զինված, վեց ամիս իրարու դեմ կատաղաբար պատերազմեցան և դաշտի վրա հազարավոր ընթերցողներ վիրավորելե ետքը՝ արյունով ներկեցին համեստ դեմքերը (տես Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Կ. Փանոսյան»)։

Պարոնյանի հայտնի «Ջոջերից» է Խ. Միսաքյանը, որին նա ծաղրեւ է հաճախ զանազան ձևերով՝ երկդիմի ակնարկներ, հիշեցումներ, թռուցիկ թե ընդարձակ նկարագիրներ, բայց ամենուր ներկա է «Ջոջերի» «պուետը»։ Միսաքյանին նվիր-