Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ված հոդվածներից է «Գորտերու և մուկերու թագավորին ձախող ճամբորդությունը»։ Հերոսը, այսինքն «Գորտերու և մկներու թագավորր» Միսաքյանն է., վերնագիրը հարմարեցված է ըստ նրա «Գորտամկնամարտություն» հոդվածի։ Այս առթիվ «Ջոջերի» մեջ Պարոնյանը գրել է․

«1872-ին հարյուր ոսկվո հանգանակություն մը եղավ և գումարն իրեն տրվեցավ, որպեսզի խավարի մեջ մնացած հանճարն ի լույս հաներ Միսաքյան առավ հիշյալ գումարն, որուն փոխարեն Դորտամկնամարտություն մը կարդացուր մեզի Փունջի դեմ Մասիսի բացած դատին առթիվ։ Հոմերոսի Գորտամկնամարտությունը ավելի անհարմար տեղ չէր կրնար գտնել։ Եթե Միսաքյանին նպատակը փաստաբանել և համոզելն էր, այդ խորադիրն նպատակին դեմ էր, եթե զվարճացնել էր՝ գրության ձևն յուր խորագրին հակառակ էր։ Ի՞նչ էր ուրեմն նպատակը։ Մենք մինչև այսօր հասկացած չենք» (տե՛ս Հ. Պարոնյսւն, Երկերի ժողովածու, II հտ., Խ. Միսաքյան)։

Հետաքրքիր է Միսաքյանին նվիրված մի այլ անստորագիր հոդված, որի երգիծական պատկերները գալիս են նախորդից։ Առանցքը դարձյալ Միսաքյանի գորտամկնամարտությունն է, միայն վերնագիրը դրված է քողարկված, այսինքն հակառակ ընթերցանությամբ՝ «ժամանակք նշանի նույթուտրամանկմատրոգ» (ընդգծումը մերն է — Ա․ Մ.):

Իր գրական-հրապարակախոսական գործունեության մեջ Պարոնյանը ամեն այն խստությամբ պայքարել է անսկզբունքայնության դեմ, որով տառապել են ժամանակի լրագրողներից շատերը։ Այս հարցում Պարոնյանի ջախջախիչ երգիծանքի ամենամեծ բաժինը վիճակվել է «Օրագրի» խմբագիր Օ. Խոջասարյանին։ «Բարի սովորություն մը». «Երկրորդ շրջան Մեղուի» հոդվածների առաջին իսկ տողերը հուշում են ընթերցողին Օ. Խոճասարյանի ծանոթ բնութագրականը «Ջոջերից»։

«Այս օրվան պաշտպանած սկզբունքը հետևյալ օրը կը հարվածեր, և վաղվան պաշտպանելիք սկզբունքը օր մը առաջ կը հարվածեր» (տե՛ս Հ. Պարոնյան, Երկերի ժողովածու, II հտ., «Օ. Խոճասարյան»)։

Պարոնյանի ստեղծագործական առանձնահատկություններից է ուղղակի խոսքով, թե ակնարկներով անստորագիր և ծածկանուններով երկերի մեջ ցույց տալ իրեն։ Նման դեպքերում նա հանդես է գալիս իր թերթի՝ «Մեղուի» անունով իբրև պատասխանատու դեմք, հիշատակում իր հանրահայտ հոդվածները, օգտագործում հարազատ մի ոճ, խոսքի մի խաղ, ծանոթ մի պատկեր։ Պարոնյանին հնարավոր է ճանաչել նաև նրա գործունեության, կենսագրության հետ կապված փաստերի միջոցով։ Օրինակ՝ Հ. Հաճյանի դեմ է ուղղված «Հայհոյիչ ղվարճախոսը» հոդվածը։ Հաճյանը երգիծաբանի հավակնություններ ուներ և Պարոնյանի հակառակորդներից էր։ Պարոնյանը մեջբերում է կատարում իր դեմ ուղղված նրա հոդվածից.

«Ամուրի ըլլալնուս համար շնորհակալ ենք, որովհետև եթե կարգված ըլլայինք Պարոնյանը կնիկը թողած է պիտի ըսեր»։

Մի այլ օրինակ.

«Պատասխանին պատասխանը» հոդվածի մեջ իր մասին գրում է.

«...Հրապարակ իջնելես ի վեր կրոնական արարողություն մը բնավ ծաղրած չեմ, վկա՝ մեր խմբագրած Եփրատներն ու Մեղուները...»։