Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐՈՒՆ ՄԵԿ ԲՈՂՈՔԸ


Խմբագիր


Ձեր 22 թիվ թերթին մեջ մեր տետրակներուն ծախսն ու հասույթը փատի մը երկու ծայրերուն վրա նստեցուցած՝ տանկալա բիշտի խաղցուցած ես։


Այս խաղին մեջ, ինչպես նաև մեր տետրակներուն մեջ, ծախսը հասույթեն մեծ ըլլալուն համար ծանր կշռեր է ու հասույթը վեր է ելեր։


Ասիկա անիրավություն մ’է պարոն խմբագիր, լրագրի մը առաջին պարտքը ճշմարտությունը պաշտպանել ըլլալով՝ այդ ծաղրանկարին մեջ պարտքերնիդ աղեկ չեք կատարած։


Եթե մեր ծախս ու հասույթը ճիշտ այդ ծաղրանկարին մեջի ծախսին ու հասույթին պես ըլլար՝ փառք կուտայինք Աստուծո: Մեր ծախսը այն չափ ծանր է որ, եթե փատի մը մեկ ծայրը ծախսերնիս և մյուս ծայրը հասույթ դրվի՝ եկամուտը օդը կ՚ելնե։ Աս ալ մեկդի. շատերը այս օրերս բնավ հասույթ չունին, ուստի և պարտավոր եք հասույթը ձեր ծաղրանկարեն հանել և փատին այդ ծայրը պարապ թողուլ մինչև որ առուտուրի սկսինք և հատույթ սկսի գալ։


Խնդրելով որ ներկայս հրատարակեք մնամք ձերդ


ՎԱՃԱՌԱԿԱՆԴ


ԽՈՍԵԼԸ ԱՐԳԻԼՅԱԼ է


Եթե այս օրերս Շիրքեթի Խայրիեի շոգենավներուն բարձր դիրքին վրա նստեցար՝ տեսար անշուշտ հոն կախված մեկ տախտակը, որուն վրա հետևյալը գրված է. «Նավապետին հետ խոսխլը արգիլյալ»։


Նւսվապետները՝ այս հրամանին համեմատ ալ մեկու մը չպիտի խոսին, և եթե խոսին՝ ընկերության կողմե տուգանքի տի դատապարտվին։


Առջի օրը մարդուն մեկը՝ նավապետե մը քանի մը ղուրուշ առնելիք ունենալով՝ կ’երթա ստակ ուզելու։


- Լռե’,- ըսե նավապետը մատը բերանը տանելով, - խոսիլը արգիլյալ է, ինձի տուգանքի դատապարտել կուտաս։


- Ասանկ տախտակ մը խմբագրաց գրասենյակն ալ կախվի նե՝ գեշ չըլլար։