Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱԽԱԲԱՆ

Այն գիրքն է իսկական հաջողություն գտնում, որը վերաքննության է ենթարկում տասնամյակներ շարունակ համազգային բանավեճերում գերիշխած հարցերը և, ըստ այդմ, նոր ուղի է հարթում այդ գործընթացի մեջ, ինչը լինում է հույժ սակավադեպ: Այս գիրքը մեկն է այդ սակավներից: Այն հայ ժողովրդի դժվարին կացությունը վերաիմաստավորում է մի շարք ըմբռնելի, լավ ուսումնասիրված խնդիրների և ձևակերպում է դրանք որպես հայոց պետականության և հայ ազգի արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր:

Հեռանալով քաղաքական ճարտասանությունից և անցնելով իրավագիտական ուսումնասիությունների ու փաստահավաք հետազոտությունների ոլորտ՝ այս գիրքը որոշում կայացնողներին, ինչպես նաև շարքային քաղաքացիներին, տեղեկացված լինելու և իմաստավորված որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք անցյալ դարի ընթացքում իրենց վրա են գամել հայերիս եռանդի և ուշադրության մեծ մասը՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում, Վիլսոնի իրավարար վճիռ, Արցախի ինքնորոշում: Մինչ շատերը թվարկված հարցերի առնչությամբ տարված էին սոսկ արդյունք ակնկալող գործունեությամբ, որն իր հերթին խարսխված էր հնարավորի կամ ընդունելիի սեփական պատկերացումների վրա, Արա Պապյանը, հիմնվելով արխիվային փաստաթղթերի, պայմանագրերի, իրավական նախադեպերի, opinio juris-ի և lex specialis-ի վրա, վերլուծության էր ենթարկում նշյալ հարցերը և կռվաններ էր բերում հօգուտ հայերի սեփական իրավունքներին տեր դառնալուն:

Հայկական հարցերը ներկայումս այն հարցերը չեն, որոնց համար հնարավոր լինի դյուրությամբ միանշանակ լուծումներ գտնել: Դրանք մոլորվել են երբեմն-երբեմն գործադրվող դիվանագիտական ջանքերի մեջ, խճողվել քաղաքական հաստատությունների խարդավանքներում և խճճվել հասարակական կարծիքի ցանցում, այսինքն միջազգային իրավունքի և քաղաքականության միջև ընկած այն ճապաղ գոտում, որտեղ ճամարտակությունը, շահախնդրությունն ու ուժն են ծնում իրավունքը: Մարտի այս դաշտում քաջակազմ փաստերը և հմտամիտ կռվաններն են պահանջատիրության հիմնական միջոցներն ու պաշտպանության հիմքերը: Սա այն գործիքակազմն է, որը մշտապես պիտի հղկվի և պահվի պատրաստի վիճակում: Մարդիկ, ովքեր միջազգային հարաբերություններում որոշումներ են ընդունում, բազմիցս են դրսևորել առասպելական անտարբերություն մինչևիսկ սեփական տհաս և շահամոլ որոշումների հետևանքների նկատմամբ: Նույնիսկ, երբ այդ մարդիկ առաջնորդվում են լավագույն նկատառումներով, ապա հաճախ են լինում եսամոլ, մտացրիվ տարբեր հարցերով, թերի տեղեկացված և ժամանակ ու համբերություն չեն ունենում խորանալու փոքրաթիվ ժողովուրդների մանր-մունր խնդիրների մեջ: Հետևաբար, այս կարճառոտ, ոչ խրթին և դյուրամարս հոդվածները կարող