Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԷ. Հայաստանի և Թուրքիայի միջև

դիվանագիտական հարաբերություններ հաստատելու

և «ընդհանուր սահմանը որոշող համապատասխան

պայմանագրերի» մասին

Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ քննարկումների շրջանակում մամուլում մի քանի անգամ հնչել է այն միտքը, թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրում է սահմանների ճանաչում կամ մինչևիսկ դրանց ամրագրում: Միանգամայն սխալ և միջազգային իրավունքի մեջ հիմքեր չունեցող պնդում:

Միջազգային հարաբերությունների արդի փուլում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարգավորող և դրանց ընթացքը կանոնակարգող փաստաթուղթը Դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան է (1961թ.): Սույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը թվարկում է այն 5 գործառույթները, որոնք վերապահված են դիվանագիտական առաքելությանը: Դրանց մեջ ճանաչման, առավել ևս սահմանների ճանաչման գործառույթ չկա: Նշյալ կոնվենցիայի մեջ սահման բառն ընդհանրապես չկա:

Քանի որ հայաստանյան հասարակական մտքի մեջ լուրջ խառնաշփոթ կա պետությունների կամ կառավարությունների ճանաչման և, այսպես կոչված, սահմանների ճանաչման հարցի շուրջ, նպատակահարմար եմ համարում համառոտակի անդրադառնալ դրան: Իրենց խորքում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների հստակեցումը կամ ամրագրումը երկու տարբեր իրավական գործողություններ են: Նույն Թուրքիայի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահին սահմանային վեճեր է ունեցել, իսկ որոշ երկրների հետ մինչև հիմա էլ ունի. Հունաստան, Սիրիա, Իրաք և Իրան: Նման իրավիճակը չի խանգարել և չի խանգարում Թուրքիային բնականոն հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ:

Եթե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրեր սահմանների ճանաչում, ապա այսօր աշխարհում սահմանային/տարածքային վեճ գրեթե պիտի չլիներ: Սահմանների վերաբերյալ ամենահեղինակավոր հրատարակության1 տվյալներով 1990-ական թվականների կեսերին աշխարհում առկա էր տարած-