Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Իրականության մեջ» ՀՀ անկախացումը միայն մեկ իրավական հետևանք է ունեցել՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դարձել է իր ներկա տարածքում գոյություն ունեցած նախորդ պետական միավորի, այն է 1918-1920թթ. Հայաստանի առաջին հանրապետության, իրավահաջորդը: Բնականաբար, եթե կան օրինական պայմանագրեր, որոնք իրավականորեն ամրագրած են եղել նախորդ պետականության սահմանները, ուրեմն իրավահաջորդը ժառանգել է նաև այդ սահմանները: Եթե ոչ, ուրեմն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ցանկալի է, որ ամրագրի այդ սահմանները:

Հիմա մի քանի խոսք ՄԱԿ-ին անդամակցելու ճանապարհով սահմանները «просто» (պարզապես) ճանաչելու մասին:

Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որով նախատեսված է նման դրույթ: Դա չի արվում, որովհետև նման բան բնավ չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ/եր/ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները: Ոչինչ դրանից ավել, ոչինչ դրանից պակաս:

Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, ուր մնաց՝ սահմանների ճանաչման որևէ գործառույթ և իրավական հետևանք: Անդամակցումը ՄԱԿ-ին, կամ իրավական տեսանկյունից ավելի գրագետ՝ ՄԱԿ-ում ներկայացված լինելը, և պետության կամ կառավարության ճանաչումը, էլ չեմ խոսում սահմանների ճանաչումը տարբեր գործողություններ են՝ իրարից էապես տարբեր իրավական հիմքերով և հետևանքներով:

Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը՝ Թրիգվի Լիին (Trygve Lie) պաշտոնական նամակով և առդիր 5-էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի