Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԲ. Արձանագրությունների, լիազորությունների և

հրաժարականների մասին

Վերջին շրջանում մի հարց է հաճախ հնչում, որին այդպես էլ չտրվեց հստակ պատասխան. Ինչո՞ւ է ՀՅԴ պահանջում արտգործնախարարի հրաժարականը, սակայն չի պահանջում նախագահի հրաժարականը: Չլինելով ՀՅԴ անդամ՝ փորձեմ պատասխանել հնչող հարցին, քանի որ սկզբունքորեն լավ չէ, երբ հասարակության հարցերը մնում են անպատասխան:

Ըստ գործող Սահմանադրության (հոդված 5, կետ 7)՝ ՀՀ նախագահն «իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը»: Այսինքն՝ որպես ընդհանուր ղեկավար՝ նրան է վերապահված արտաքին քաղաքականության ուղենշումը, բայց ոչ իրագործումը: Որպես գործադիր իշխանության մասի՝ երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչությանն է վերապահված արտաքին քաղաքականության կենսագործումը: Ընդ որում, ԱԳՆ պարտավոր է հավատարմորեն առաջնորդվել «ընդհանուր ղեկավարման» ուղենիշներով և համապատասխան քայլերը կատարել միմիայն տրված հանձնարարականների շրջանակում: ԱԳՆ պաշտոնյան իրավունք չունի նախագահի հանձնարարականից շեղվել և բանակցել նաև այլ հարցերի շուրջ, առավել ևս՝ երկրի անունից ստանձնել լրացուցիչ պարտավորություններ:

Ի՞նչ ունենք ներկայումս մենք: Երկրի նախագահը բազմիցս հրապարակայնորեն՝ որպես արտաքին քաղաքական գերակա ուղենիշ, առանձնանշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Արտգործնախարարը նույնպես հրապարակայնորեն քանիցս կրկնել է նախագահի հանձնարարությունը՝ շեշտելով հանձնարարականի «առանց նախապայմանների» հիմնական բնութագրիչը: Ավելին, և՛ նախագահը, և՛ արտգործնախարարը քանիցս հստակեցրել են, որ ներկա փուլում կարգավորումը, ըստ էության, պիտի ունենա 2 դրսևորում. ա) Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում; բ) Հայաստան-Թուրքիա, ըստ իս այսպես կոչված, սահմանի բացում:

Առաջին կետի շուրջ հարցեր չկան: Բնական է, մենք Թուրքիայից ստանալիք ունենք, հետևաբար, պիտի դիվանագիտական հա-