Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽԸ. Արձանագրությունների մեջ առկա

հերթական վտանգները

Հասարակության դատին ներկայացված չարաբաստիկ զույգ արձանագրությունների քննարկման շրջանակում հաճախ կարելի է լսել բուն արձանագրությունների հետ բնավ կապ չունեցող հուզախառն դատողություններ՝ 21-րդ դարին վայել բաց սահմանների, հարևանների հետ հավերժ թշնամի չմնալու, ՀՀ տնտեսության իբր զարգացման հնարավորությունների և նման բառախեղդ արված մտազեղումների շուրջ: Սրանք հանգիստ խղճով կարելի է որակել որպես քննարկումները ձախողելու փորձ և հարցը նենգափոխելու ձգտում:

Իրականում քննարկումները վերաբերում են բացառապես սեղանին դրված երկու փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններին: Միմիա՛յն: Հետևաբար, դրանք պետք է բառ առ բառ քննության առարկա դառնան և այժմվանից մատնանշվեն դրանց մեջ առկա վտանգները: Առավել ևս, որ միջազգային պայմանագրերի իրավակիրառական դաշտը շատ ավելի լայն է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Միջազգային պայմանագրերը (եթե արձանագրություններն ընդունում ենք որպես այդպիսին) առաջին հերթին միջպետական իրավական փաստաթղթեր են: Ըստ այդմ, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի 5րդ հոդվածի 1-ին կետի, դառնում է ՀՀ «իրավական համակարգի բաղկացուցիչ մասը» և «պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն»:

Հետևաբար, որոշ վայ քաղաքական գործիչների փորձերը՝ քողարկելու արձանագրությունների մեջ առկա բազմաթիվ խիստ մտահոգիչ կետեր՝ այն է՝ «դրանք ընդհանուր բառեր են» կամ «բոլոր պայմանագրերում էլ նման բաներ կան» բառակույտով, մեղմ ասած, խելամիտ չեն: Արձանագրություններն իրավունքներ ու պարտավորություններ են ստեղծում ոչ միայն վերացական կողմերի համար, այլև, որպես տվյալ երկրների «իրավական համակարգի բաղկացուցիչ մաս», նաև այդ երկրների անհատ քաղաքացիների համար: