Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոյեմբերի 22-ին կայացնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ իր իրավարար վճիռը (Arbitral Award), որն, ըստ պայմանավորվածության, ուժի մեջ է մտնում անմիջապես և առանց նախապայմանների: Երկու օր հետո՝ նոյեմբերի 24-ին, վճիռը պաշտոնական հեռագրով փոխանցվում է Փարիզ՝ Խաղաղության վեհաժողովի և Ազգերի լիգայի տնօրինմանը: Վճիռն ընդունվում է ի գիտություն, սակայն մնում է առկախ, քանի որ վճռի շահառուն՝ Հայաստանի Հանրապետությունը, 1920թ. դեկտեմբերի 2-ին դադարում է գոյություն ունենալուց:

Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակի հարցը.

Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրավարար վճիռ, եթե իրականացվել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականորեն «իրավական ուժ» ունի, այլև անվերապահորեն պարտադիր է կատարման համար (binding document): Ավելին, իրավարար վճիռները «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal): «Իրավարար վճիռն իրավարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):

Իրավարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրված է (codified) միջազգային իրավունքի մեջ: Ի մասնավորի՝ Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes)՝ 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 հոդվածներում:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ Իրավարար վճիռը՝

ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է,

բ) կարիք չունի ներպետական որևէ վավերացման կամ հավանության:

Ըստ այդմ, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն իր Իրավարար վճռով մեկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մեջ է առ այսօր և ենթակա չէ բեկանման: Անդրադառնանք մի կարևոր հարցի ևս. Իսկ ԱՄՆ իշխանական և հանրային կառույցները երբևէ որևէ դիրքորոշում արտահայտե՞լ են նախագահ Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճռի նկատմամբ:

ԱՄՆ գործադիր իշխանության դիրքորոշումը.

ԱՄՆ բարձրագույն գործադիր իշխանությունը ոչ միայն ճանաչել է Վիլսոնի իրավարար վճիռը, այլև վավերացրել է այն և, ըստ այդմ, այն դարձրել ԱՄՆ ներքին օրենսդրության մաս (the law of the