Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակ, արձանագրությունը, վկայակոչելով «միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերը» (the relevant treaties of international law) և ոչ թե պարզապես «միջազգային պայմանագրերը» (international treaties), տալիս է ավելի ընդգրկուն սահմանում (inclusive definition), այսինքն ներառում է «միջազգային իրավունքի գործիքներն» (the instruments of international law) ընդհանրապես, անկախ անվանումից: Ինչպես ներկա դեպքում ունենք «արձանագրություն» կոչվող փաստաթղթերի պարագայում: Ըստ այդմ, «պայմանագիր» հասկացությունը պետք է մեկնաբանել անկախ փաստաթղթի անվանումից, որպես զուտ միջպետական օրինական գրավոր համաձայնություն:

Ակնհայտ է, որ արձանագրության մեջ հիշատակվող «գոյություն ունեցող սահմանը» դա բոլշևիկա-քեմալական գործարքի հետևանքով առաջացած անօրինական բաժանարար գիծը չէ: Անօրինականությունը չի կարող առաջացնել օրինական հետևանք՝ ex injuria non oritur jus: «Գոյություն ունեցող սահման» նշանակում է միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող և միջազգային իրավունքին համապատասխանող սահման: Իսկ նման միայն մի սահման կա Հայաստանի և Թուրքիայի միջև՝ դա ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված սահմանն է:

Ձեր ելույթում վկայակոչված Մոսկվայի և Կարսի պայմանագրերն, միջազգային իրավունքի տեսանկյունից, ընդհանրապես պայմանագրեր էլ չեն: Որպեսզի նշյալ գործարքները պայմանագիր համարվեն, նրանք պետք է կնքված լինեին ճանաչված պետությունների օրինական իշխանությունների լիազոր ներկայացուցիչների կողմից: Ո՛չ քեմալականները և ո՛չ էլ բոլշևիկները, առավել ևս Հայաստանում իշխանության բերված հայ բոլշևիկները, 1921թ. չեն եղել այդպիսին: Այսինքն, պայմանագրերը կնքելու բուն գործողությունը կնքելու իսկ պահին հակասել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի՝ jus cogens-ների: Իսկ համաձայն Ձեր իսկ ելույթում վկայակոչված Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի (Vienna Convention on the Law of Treaties, 1969) 53 հոդվածի «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքման պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի հիմնարար նորմի»:

Արդյո՞ք Դուք իսկապես կարծում եք, որ երկու չճանաչված, հետևաբար անօրինական վարչախմբեր, ինչպիսիք էին բոլշևիկներն ու քեմալականները 1921թ.-ին, կարող էին երկկողմ պայմանագրով (Մոսկվայի պայմանագիր) չեղյալ հայտարարել օրինապես բա-