Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նումն իրականացվում է պետականության գործառույթների չեզոքացման ճանապարհով: Երբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ետ կանգնի իր տարածքային, նյութական և բարոյական կորուստները վերականգնելու ձգտումից, այն ժամանակ էլ այն կդադարի պետություն լինելուց: Կոյուղագծերը և ջրագծերը փոխելու, թոշակները բաժանելու կամ հարկերն հավաքելու համար պետականություն պետք չէ: Դա կարելի է անել նաև պրովինցիայի կամ վիլայեթի մակարդակով: Հայաստանը կարելի է կործանել կամազուրկ և ապազգային Հայաստանի Հանրապետություն կոչվող թուրքական պրոտեկտորատի ստեղծումով: Թուրքիայի համար ակնհայտ է, որ այս ճանապարհին Լեռնային Ղարաբաղն անհաղթահարելի խոչընդոտ է: Քանի դեռ հայերը չեն համաձայնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու հետ, իսկ դա սկսվելու է սիրուն բառերի ներքո Լեռնային Ղարաբաղի պաշտպանական կայացած համակարգը կործանելուց, ուրեմն նրանք դեռ պահպանում են ազգ մնալու կամքի վերջին փշուրները: Թուրքական հետևողական պնդումները՝ նպատակաուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանուն հայ-թուրքական հարաբերություններին ուղիղ և փոխաբերական իմաստով մատաղ անելուն, կապ չունեն Ադրբեջանի շահերի հետ: Եթե հարցը վերաբերեր միայն Ադրբեջանի շահերին, ապա Թուրքիան հաճույքով այն աճուրդի կհաներ, ինչպես, օրինակ, արեց 1920թ. ապրիլին: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու թուրքական քաղաքականությունը պայմանավորված է բուն Թուրքիայի շահերով, այն է՝ հայերին պետություն ունեցող, բայց պետականազուրկ ազգ դարձնելու ձգտումով: Պետականությունը պետության պատյանը չէ, այլ ազգային շահերը հետամտելու կամքը և դրանք կյանքի կոչելու կարողությունը:

բ) Իսկ ի՞նչ հիմքեր ուներ Թուրքիան նման նկրտումների համար: Կարծում եմ կան, և այդ հիմքերը մենք ենք տվել թուրքերին: Երբ արձանագրություններով այդքան դյուրությամբ հրաժավեցինք մեր հայրենիքից և սակարկման առարկա դարձրեցին մինչևիսկ մեր մեծագույն ողբերգությունը, արձանագրությունները դարձան խիստ ախորժաբեր. ախորժակն ուտելիս է բացվում: Իր քաղաքական որկրամուլությամբ հայտնի Թուրքիայի առջև դնել նման պատառ և Թուրքիայից ժուժկալություն ակնկալել, առնվազն միամտություն էր և է: Ի վերջո պատահական չէ, որ թուրքերի տոտեմը գորշ գայլն է՝ միակ կենդանին, որ սպանում է ոչ թե կշտանալու, այլ սպանելու համար: