Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանդես գալ այլ անվանումով, օրինակ՝ Հաշտության ուղի /The Path to Reconciliation/ կամ նման մի բան:) Այսինքն, «վիլսոնյան Հայաստանի» տարածքը տնօրինողը (Թուրքիան) տարածքի իրավատիրոջից (Հայաստանից) երկարաժամկետ վարձակալում է այն: Համապատասխանաբար, Հայաստանի և Թուքիայի Հանրապետությունները, միջազգային գերուժերի մասնակցությամբ և երաշխիքով, կնքում են երկկողմ պայմանագիր, որը «վիլսոնյան Հայաստանի» վրա 2 կողմերի համար երաշխավորում է մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի, ինչպես նաև տարանցիկ անկաշկանդ ու անվճար բեռնափոխադրման իրավունք: Միևնույն ժամանակ տարածքն ապառազմականացվում է հարձակողական զինուժից:

Թեև առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան շատ բան է զիջում, սակայն, էության մեջ, վերոհիշյալ կետերը, բացառությամբ տարածքային վարձավճարի, ցանկացած երկրի՝ ԵՄ անդամակցելու նախապայմաններն են: Նշյալ կետերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը ցույց կտա նաև, թե ինչքանով է Թուրքիան գործնականում պատրաստ ԵՄ անդամակցությանը:

Այսուհանդերձ, օրինական հարց կարող է առաջանալ.

– Ինչո՞ւ Թուրքիան պիտի գնա դրան:

Որովհետև դա առաջին հերթին ձեռնտու է Թուրքիային: Թուրքիայի համար Հայկական հարցի լուծումն անհրաժեշտություն է: Առանց այդ հարցի լուծման (և ոչ թե՝ լուծման պատրանքը ստեղծելու, ինչպես ներկայումս անում են Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները) Թուրքիան չի կարող իրականացնել ներկայիս իր հիմնական նպատակը՝ դառնալ կամ գոնե համարվել շրջանային գերուժ: Չնայած բոլոր ջանքերին՝ թուրքական պետականության նավը չի կարողացել և չի կարողանում դուրս գալ մեծ նավարկության: Չլուծված Հայկական հարցը, փոքրիկ ստորջրյա խութի պես, մշտապես կաշկանդում և կաշկանդելու է այդ նավի ընթացքը:

Կարճ ասած՝ տարածաշրջանային կայունության և բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Թուրքիայի միջև տեղադրել մի բեկոր Եվրոմիություն՝ մի տարածք, որը բաժանելու փոխարեն կմիավորի երկու երկրներին ու ժողովուրդներին: Տարածք, ուր 2 երկրներն էլ կունենան որոշակի և ամրագրված իրավունքներ և պարտականություններ:

Մի քանի ամիս առաջ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական հնագույն բերդաքաղաքներից մեկի՝ Արցախի Տիգրա-