Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արաբների կողմից, ամերիկյան որևէ պաշտոնյա չխոսեց ԱՄՆ-ում անօրինական բնակվող արաբներին արտաքսելու մասին: Ամերիկյան հասարակությունը գալարվում էր ցավի, վիրավորանքի ու վրդովմունքի ճիրաններում, սակայն որևէ մեկի մտքով իսկ չանցավ հարձակումը կազմակերպած ու իրականացրած արաբների պատճառով վտարել երկրում անօրինական բնակվող արաբներին:

Հիմա պատկերացնենք աշխարհի արձագանքը, եթե Բուշը հանկարծ որոշեր ի պատասխան իր երկրի վրա հարձակման ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ամերիկաբնակ արաբներին: Վստահաբար «ողջ առաջադեմ մարդկությունը» կմիանար հակաամերիկյան ցույցերի, բողոքների ու ճառերի մեջ: Եւ ճիշտ էլ կաներ: Ամեն մեկը պատասխանատու է իր արարքի համար: Խմբակային պատիժների ժամանակներն անցել են:

Էրդողանի սպառնալիքի անհեթեթությունը պատկերացնելու համար եկեք քննենք մեր իրավիճակը: Հայաստանը չի հարձակվել Թուրքիայի վրա: Հայերն օդանավ չեն քշել Կապույտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրա: Հայերը 3500 թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպես ոմանք՝ Նյու-Յորքի կենտրոնում: Պարզապես ԱՄՆ-ի և Շվեդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տվյալ դեպքում ծագումով հայ է, օրինական և քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ և Շվեդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձևեր են ընդունել: Ես չեմ էլ անդրադառնում անգամ այդ բանաձևերի բովանդակությանը և բնույթին:

Դրանք տվյալ դեպքում էական էլ չեն: Կարևորը Թուրքիայի արձագանքն է և այդ արձագանքը դատապարտող եվրոպական և ամերիկյան արձագանքի բացակայությունը: Հայաստանը, ցավոք սրտի, որևէ մասնակցություն չի էլ ունեցել այդ բանաձևերի ընդունման գործում, սակայն Թուրքիան ատամներ է կռճտացնում Հայաստանի դեմ: Եթե թուրքերը վերոհիշյալ բանաձևերից նեղված են, թեև անմտություն է նեղվել ճշմարտության վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին և շվեդներին: Ի՞նչ է, ատամը չի բռնում, թե միայն մեր դեմ հոխորտալ գիտեն: Եւ այս մտածողությամբ թուրքերն ուզում են Եվրոմիություն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նույն տան մեջ ապրե՞լ: Էրդողանի խոսքերից միջնադարի ու հաշվեհարդարի հոտ է գալիս:

Ասում էինք չէ՝ Թուրքիան չի փոխվել:

17 մարտի, 2010թ.