Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես իրավացիորեն նկատել է Միջազգային հարաբերություններում ազգերի միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող սկզբունքների հատուկ հանձնաժողովի (Special Committee on Principles of International Relations concerning Friendly Relations and Co-operation among the Nations) զեկուցող Մ. Զահովիչը (M. Zahovic). «Քննարկումներին մասնակցած գրեթե բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ [ինքնորոշման] սկզբունքն այլևս չի համարվում միայն բարոյական կամ քաղաքական հիմնադրույթ; այն ըստ ամենայնի միջազգային իրավունքի սկզբունք է: Սույն սկզբունքի լիակատար ընդունումը նախադրյալ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, համագործակցության զարգացման և ամբողջ աշխարհում տնտեսական, հասարակական ու մշակութային առաջընթացի խրախուսման համար»:

Ինքնորոշման սկզբունքը և մարդու իրավունքները

Ինքնորոշման սկզբունքը, միջազգային հարաբերություններում փիլիսոփայական հայեցակարգից վերափոխվելով քաղաքական հայեցակարգի, հիմա վերաճել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի: Վերջին ժամանակներս զարգանալով՝ այն դարձել է մարդու իրավունքների հարց, որը վերաբերում է որոշակի խմբի, այլ ոչ թե մի անհատի և, ինչպես նշել էինք, իրավացիորեն ներառված է մարդու իրավունքների զույգ դաշնագրերի մեջ:

25.06.1993թ.-ին 171 երկրների ներկայացուցիչներ համախոհությամբ (by consensus) ընդունեցին Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը (Vienna Declaration and Programme of Action of the World Conference on Human Rights): Վիեննայում համաձայնեցված եզրափակիչ փաստաթուղթը, որն արժանացել է ՄԱԿ-ի վեհաժողովի 48-րդ նստաշրջանի հավանությանը (բանաձև 48/121, 1993), վերահաստատեց այն սկզբունքները, որոնք զարգացել են վերջին 45 տարվա ընթացքում և առավել ամրապնդել են մարդու իրավունքների հիմքերը: Նշյալ փաստաթուղթը ճանաչում է ժողովրդավարության, զարգացման և մարդու իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի, փոխկապակցվածությունը: Եզրափակիչ փաստաթուղթը շեշտում է, որ համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է տվյալ իրավունքի արդյունավետ կենսագործման կարևորությունը [պարբ. 2]. «Մարդու իրա-