Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գոյություն ունենալուց: Հետագան ավելի է հայտնի՝ նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին, և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո: Բնական է, որ խոսք լինել չի կարող միջազգայնորեն ամրագրված տիտղոսի մասին: Որևէ կուսակցական որոշում չի կարող իրավական հետևանք ստեղծել միջազգային իրավունքի մեջ և ամրագրել որևէ տարածքի վրա որևէ տիտղոս: Նախկին անկախ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանն իրենք 1920/21թթ.-ից մինչև 1924թ. ունեին ռազմակալված երկրների կարգավիճակ: Հետագայում, (1924թ. փետրվարից), ԽՍՀՄ ճանաչման հետևանքով ճանաչվեց այդ երկրների բռնակցումը (annexation): Ըստ այդմ, 1924թ.-ից ողջ Հարավային Կովկասի վրա, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, անվերապահորեն ճանաչվեց ԽՍՀՄ տիտղոսն ու գերիշխանությունը:

1991թ.-ին, երբ Ադրբեջանն իրեն անկախ հռչակեց ԽՍՀՄ-ից, Լեռնային Ղարաբաղն արդեն փաստացի անկախ էր: Այսինքն, իր վերանկախացումից ի վեր Ադրբեջանական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա 1 օր իսկ չի իրականացրել լիակատար վերահսկում (effective control): Ավելին, 1991թ. հոկտեմբերի 18-ին Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտով նորանկախ Ադրբեջանն, իրեն հայտարարելով Ադրբեջանի 1-ին հանրապետության (1918-20թթ.) ուղղակի իրավահաջորդը, ըստ էության, նաև փաստաթղթային ձևակերպմամբ չեղյալ հայտարարեց միչևիսկ այն վարչական կապը, որը գոյություն էր ունեցել Ադրբեջանական ԽՍՀ և ԼեռնայինՂարաբաղ Ինքնավար Մարզի միջև:

Այսինքն, եթե ԽՍՀՄ տրոհումից հետո նախկին սովետական սոցիալիստական հանրապետությունների մեծ մասի տարածքում առաջացան մեկական անկախ երկիր, ապա «Ադրբեջանի ԽՍՀ» կոչված ԽՍՀՄ-ի վարչական միավորի տարածքում առաջացան 2 պետություն՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ադրբեջանական Հանրապետությունը, ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած ինքնորոշման սկզբունքը հարգելու պարտավորությունը, անողոք պատերազմ սանձազերծեց իր նորանկախ հարևանի դեմ և խայտառակ պարտություն կրեց: