Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի դեպ, 1991թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայնքի (ներկայումս՝ Եվրոպական Միություն) երկրների ԱԳ նախարարները «Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների» վերաբերյալ հռչակագրում «բոլոր սահմանների անձեռնմխելիության» նկատմամբ հարգանքը պայմանավորեց «օրենքի իշխանության, ժողովրդավարության և մարդկային իրավունքների» հարգանքով, ինչպես նաև «էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորմամբ»: Մի բան, որոնցից և ոչ մեկը չի իրականացվել ադրբեջանական պետության կողմից: Հետևաբար, երբ մեր հարևանները խոսում են «օկուպացիայի» մասին, թող բարի լինեն նշել՝ պատմության ո՞ր ժամանակահատվածում է Ադրբեջանական Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի վրա իրականացրել լիակատար վերահսկում (effective control), և ո՞ր միջազգային փաստաթղթով է Լեռնային Ղարաբաղի վրա ճանաչված եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը: Եթե չի եղել այդպիսի վիճակ, և չկա այդպիսի փաստաթուղթ, իսկ այդպիսիք անկհայտորեն չկան, ապա ի՞նչ «օկուպացիայի» մասին է խոսքը:

24 հունիսի, 2010թ

.