Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր դեպքում, մինչև մեղադրանք հնչեցնելը, Ադրբեջանը պիտի դատական կարգով հաստատի, որ ներկայումս ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա, մինչև գոյություն ունեցող վիճակի առաջանալը, աներկբայորեն առկա է եղել Ադրբեջանական Հանրապետության տիտղոսը, և Ադրբեջանը խնդրո առարկա տարածքի վրա իրականացրել է լիակատար վերահսկում: Հակառակ դեպքում, առանց այս 2 փաստերի առկայության հաստատման, մերկապարանոց ու անհիմն են Արցախի տարածքի՝ Ադրբեջանական Հանրապետությանը պատկանած լինելու բոլոր պնդումները, ըստ այդմ օկուպացիայի փաստի առկայությունը:

Կարծում եմ, որ եռանախագահողների նախագահները պարզամիտ հայտարարություններ անելու փոխարեն ներկայումս պիտի հորդորեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության ղեկավարություններին՝ ՄԱԿ-ի Արդարության դատարանից պատասխան հայցելու հետևյալ հարցին.

Արդյո՞ք, ըստ միջազգային իրավունքի, Ադրբեջանական Հանրապետության տիտղոսն առկա է ներկայումս ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվող տարածքի վրա:

Կողմերից մեկի հրաժարվելու դեպքում եռանախագահող երկրները, Արդարության միջազգային դատարանի կանոնադրության 65-րդ հոդվածի հիման վրա, կարող են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անունից դիմել նշյալ դատարանին՝ հայցելով խորհրդատվական կարծիք (advisory opinion):

Առանց վերոհիշյալ հարցի պատասխանի հիմնազուրկ են բոլոր բայաթիները օկուպացված տարածքի և նման բաների մասին: Առանց իրավասու մարմնի համապատասխան դատական վճռի Ադրբեջանական Հանրապետությունը չի կարող որևէ մեկին մեղադրել օկուպացիայի մեջ: Ես էլ Ադրբեջանին եմ մեղադրում, որ բոլշևիկյան 11-րդ բանակի օգնությամբ 1920թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին օկուպացրել է ՀՀ տարածքները և դրանց մի մասն էլ դեռևս շարունակում է օկուպացված պահել: Թե՞ ոմանք կարծում են, որ Լենին-Ստալինի հետագա գործունեությունը օրինականացրել է կամ կարող էր օրինականացնել, Հայաստանի Հանրապետության տարածքների բոլշևիկյան օկուպացիան: Եթե այո, ապա ճանապարհները բացեք՝ ռուսական զորքերը գալիս են կանգնելու Գերմանիայի սրտում:

30 հունիսի, 2010թ.