Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁԷ. Նորից ռազմակալման (օկուպացիայի)

չարչրկված հարցի շուրջ

Ո՛չ նախագահական «Օբամա, Սարկոզի, Մեդվեդև» եռյակը, ո՛չ հարևան և մեր հանրապետությունների պաշտոնյաները լիազորված չեն միջազգային իրավունքի հարցերում որոշումներ ընդունելու կամ վճիռներ կայացնելու: Նրանք միմիայն գոյություն ունեցող միջազգային իրավունքի դաշտում քաղաքական գործունեություն ծավալած պաշտոնյաներ են: Իհարկե, պաշտոնյաները կարող են սեփական տեսակետներն արտահայտել և դատողություններ անել, սակայն միջազգային իրավունքի հարցերի մեկնաբանությունը, ոչ իրենց երկրների օրենսդրությամբ և ոչ էլ միջազգային իրավունքով, բնավ վերապահված չէ իրենց:

Քանի որ այսօր Արցախի շուրջ հակամարտությունը հարաճուն կերպով սկսել է դիտարկվել միջազգային իրավունքի դաշտում, ապա հակամարտության կողմերը և միջնորդները, դատողություններ անելու փոխարեն և իրավական գնահատականներ ստանալու համար, պիտի դիմեն համապատասխան լիազոր մարմնին: Ներկա միջազգային համակարգում միակ կառույցը, որն իրավասու է վճիռներ կայացնել միջազգային իրավունքի հարցերի վերաբերյալ և որոշել միջազգային իրավունքի ոտնահարման առկայությունը, ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանն է (International Court of Justice): Արդարության դատարանի կանոնադրության (Statute of the International Law) 36-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրել է նման լիազորություններ: Քանի որ, ըստ ՄԱԿ-ի Կանոնակարգի 92-րդ հոդվածի Արդարության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է (The International Court of Justice shall be the principle judicial organ of the United Nations), ապա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ipso facto, ճանաչել են նշյալ դատարանի վերոհիշյալ լիազորությունները:

Արդեն առիթ ունեցել եմ գրելու (24.06.2010թ.)՝ որպեսզի որևէ իրավիճակ որակվի որպես ռազմակալում (օկուպացիա, occupation), ապա տվյալ իրավիճակը պիտի համապատասխանի մի շարք հատկանիշների: Այսպես կոչված, տուժող կողմը պիտի փաստի, որ մինչև տվյալ իրավիճակի առաջանալը խնդրո առարկա տարածքի վրա անվիճելիորեն առկա է եղել իր պետության տիտղոսը և ինքն է իրականացրել տվյալ տարածքի լիակատար վերահսկումը (effective control):