Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայրենական ողջ կալվածքը խլել են, ապա մի փայլփլուն խաղալիք են շպրտել նրա առաջ և նա խելակորույս հրճվում է դրանով: 1912թ. թուրքական պաշտոնական տվյալներով Օսմանյան կայսրության տարածքում ավելի քան 2000 հայկական գործող, կրկնում եմ՝ գործող, վանք ու եկեղեցի կար: Դրանք ապօրինի բռնագրավվել են Թուրքիայի Հանրապետության կողմից: Նախ թող օրինական տիրոջը վերադարձնեն եկեղեցապատկան, այն է՝ համայնքապատկան, այսինքն մեզ բոլորիս պատկանող, գույքը կամ հատուցեն դրա դիմաց:

Հետո, թող հավատարմորեն կատարեն իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները:Թուրքիան վերահսկող քեմալական շարժման հետ հարաբերությունների հաստատումը խարսխված է եղել որոշակի նախապայմանների վրա, որոնք ամրագրված են Լոզանի պայմանագրի (24 հուլիսի, 1923թ.) մեջ: Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի 2-րդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին, մասնավոր կամ հանրային կյանքում, տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն: Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և դրանում տարին մեկ անգամ պատարագ մատուցելու իրավունքը, ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնական օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով: Ըստ այդմ, բնավ մեր շահերից չի բխում այդ շահարկումների առջև լայն հնարավորություններ բացելը:

14 օգոստոսի, 2010թ.