Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ. Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունը՝ ըստ միջազգային իրավունքի

Այդ ժամանակ՝ 1921թ. մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր
կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի
Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին,
և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն
ու բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ դեսպան Գերմանիայում (1913-17թթ.)

Այսօր՝ մարտի 16-ին, լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) 86-րդ տարելիցը: Հիրավի տարելիցը, քանի որ նշյալ պայմանագրից է ածանցվում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց, «որոշվում է» հայ-թուրքական սահմանը:

Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ են գրվել Մոսկվայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի կատարվել պայմանագրի փորձաքննություն՝ որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոնվենցիայի մեջ: Կոնվենցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը:

Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ