Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբերի միավորումով՝ 1920թ. ապրիլի 23-ին, Անկարայում: Բնական է, որ Կարակոլի, ինչպես նաև նշյալ խմբերի, գործունեության օրինականության (legitimacy) մասին խոսք լինել չի կարող, քանի որ, ըստ միջազգային օրենքի, զինադադարի կնքումից հետո որևէ գործողություն, որն ուղղված է զինադադարի նպատակը՝ այն է խաղաղությունը, խաթարելուն անօրինական է և դատապարտելի: Քեմալականների գործունեությունը նաև Թուրքիայի սահմանադրության կոպտագույն խախտում էր, ուստի Թուրքիայի օրինական իշխանությունները դեռևս 1920թ. ապրիլ-մայիսին քեմալականների նկատմամբ մի շարք մահավճիռներ էին կայացրել: Այսպես, օրինակ, դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) խռովարարները հայտարարվել էին օրենքից դուրս և նրանց սպանելը՝ աստվածահաճո գործ: Խռովարարների պարագլուխը՝ Մուստաֆա Քեմալը, դեռևս 1919թ. հուլիսի 11-ին էր զրկվել իր բոլոր կոչումներից և պաշտոններից, իսկ 1920թ. մայիսի 11-ին ի լրումն կրոնական որոշման նրա նկատմամբ մահապատժի վճիռ էր կայացրել թուրքական ռազմական դատարանը: Այդ դատավճիռը 1920թ. մայիսի 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Այնպես որ 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերին Ալեքսանդրապոլ բանակցությունների եկած պատվիրակությունը ոչ թե Թուրքիա պետությունն էր ներկայացնում, այլ փախուստի մեջ գտնվող, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունների համար մահվան դատապարտված, քրեական հանցագործների մի կազմակերպություն: Քանի որ, այսպես կոչված, քեմալականները (ներառյալ Մուստաֆա Քեմալը) գրեթե բոլորը նախկին երիտթուրքեր էին՝ Միություն և առաջադիմություն կուսակցության անդամներ և ունեին միևնույն ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունը, ապա բրիտանացիներն իրավացիորեն նրանց համարում էին նույնն ու նույնական (one and the same): Այո, քեմալական կազմակերպությունները ռազմականապես ուժեղ էին, քանի որ իրենց տրամադրության տակ ունեին Օսմանյան կայսրության 15-րդ բանակային կորպուսը (մոտ 30 հազ. հոգի), որը համալրված էր այլ ուժերով (2-րդ, 6-րդ և 9-րդ բանակային կորպուսների ուժերով) և ուժեղացած էր բոլշևիկյան աջակցությամբ, սակայն միևնույն է՝ դա չի փոխում նրանց իրավական կարգավիճակը: Պայմանագրերի օրինականության համար ոչ թե զինվորների թիվն է կարևոր, այլ պատվիրակության լիազորությունների օրինականությունը: Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի