Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճ. Wikileaks Wikileaks-ից առաջ կամ

Բրիտանական հետախույզի բացահայտումները

Աթաթուրքի մասին

Թուրք մեկնաբանները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է
մեղադրական գործերով լցված դարակներից մեկում դրված Աթաթուրքի
լուսանկարը: Որոշները կարծում են, որ դա կապված է հայերի և
հույների ցեղասպանություններին նրա առնչության հետ:
03 դեկտեմբերի, 2010թ., www.news.am

Այս օրերին աշխարհը խոսում է Wikileaks-ի մասին, քանզի Wikileaks-ն է խոսում աշխարհի մասին: Բազմաթիվ հաղորդագրությունների մեջ եղավ հետևյալը. Wikileaks-ի տեղեկատվական պահոցներից մեկում, դարակի վրա դրված է Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Կարծիքներ հնչեցին, որ լուսանկարն ակնարկ է առ այն, որ Wikileaks-ն իր տրամադրության տակ ունի Աթաթուրքի մասին վարկաբեկիչ նյութեր և պատրաստվում է դրանք հրապարակել: Ոմանք շտապեցին հայտարարել, որ այդ նյութերը կարող են վերաբերել հայերի և հույների ջարդերին Մուստաֆա Քեմալի առնչությանը: Միգուցե, սակայն դա վաղուց արդեն գաղտնիք չէ, պարզապես մոռացված է կամ ավելի ճիշտ՝ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանավորված ուրացում: Առաջ այսպես չէր:

Ի տարբերություն ներկայի, առաջ լրագրողներն ավելի անկախ էին, իսկ դիվանագետներն՝ ավելի ազնիվ: Ժամանակի մամուլն ու դիվանագիտական զեկուցագրերը լեցուն են քեմալականների կողմից ՀՀ տարածքում (1920թ. սեպտեմբեր – 1921թ. ապրիլ) և Կիլիկիայում (1920թ. փետրվար) հայկական քաղաքացիական բնակչության ջարդերի, ինչպես նաև Զմյուռնիայում (1922թ. սեպտեմբեր) հույների և հայերի կոտորածի մասին տեղեկություններով: Իզուր չէ, որ 1921թ. քեմալականների գլխամասային կառույցը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովը, Մուստաֆա Քեմալին շնորհել է ղազի՝ անհավատներին ոչնչացնող (Destroyer of Infidels), կամ քրիստոնյաներին ոչնչացնող (The Destroyer of Christians) 2 մականունը: Իհարկե, այդ նույն օրերին նա և նրա կողմնակիցները Եվրոպայում հայտնի էին բոլորովին այլ մականուններով: Ահա թե ինչ է գրում Մուստաֆա Քեմալի մասին 1936թ. ամերիկյան հայտնի լրագրող և բազմաթիվ արժեքավոր գրքե-